Սերժի Ռոբերտոն հերոսանում է` ծանր խաղում ոչ-ոքի կորզելով Բարսելոնայի համար 🎥
Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Գրանադայի» դեմ։
Տանտերերը պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել «բալուգրանայի» համար և արդեն 17-րդ վայրկյանին Բրիան Սարագոսայի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ։
Խավիի թիմը նոր-նոր էր ուշքի եկել շոկային մեկնարկից, երբ 29-րդ րոպեին «Գրանադայի» ֆուտբոլիստները նետվեցին կտրուկ հակագրոհի և կրկնապատկեցին իրենց առավելությունը. կրկին աչքի ընկավ Բրիան Սարագոսան` դառնալով դուբլի հեղինակ։
Կատալոնական ակումբը նախքան ընդմիջում կարողացավ մեկ գնդակ հետ բերել, որը 45+1-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց Լամին Յամալը։
Երկրորդ խաղակեսում հյուրերն ունեին խաղային ու տարածքային հսկայական առավելություն, սակայն տևական ժամանակ չէր հաջողվում խփել երկրորդ պատասխան գոլը. որոշ դրվագներում գնդակը համառորեն չէր հայտնվում Անդրե Ֆերեյրայի պաշտպանած դարպասը։
Միայն 86-րդ րոպեին «բլաուգրանան» կարողացավ խուսափել պարտությունից. հերոսացավ Սերժի Ռոբերտոն։
Խաղավերջը նույնպես անցավ լարված պայքարում, սակայն նոր գոլեր չարձանագրվեցին. հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։
Այս ոչ-ոքիից հետո «Բարսելոնան» վաստակեց 21 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
«Գրանադան», 6 միավորով, նախավերջինն է` 19-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am