Ռոբերտո․ «Զարմացրեց, որ մրցավարը միանգամից ասաց, թե ոչինչ չի եղել»
Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի շրջանակում կայացած «Ռեալ» 2։1 «Բարսելոնա» խաղից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի ֆուտբոլիստ Սերժի Ռոբերտոն ․
«Մենք պայքարեցինք մինչ վերջ։ «Ռեալը», հատկապես առաջին խաղակեսում, շատ փակ էր խաղում։ Խաղավարտին մոտ մեր բախտն այնքան էլ չբերեց․ հարվածեցինք դարպասաձողին։
Շատ ցավալի է, քանի որ ոչ-ոքի արդյունքն այնքան էլ վատ չէր լինի մեզ համար։
Լա լիգայի համար չեմպիոնական պայքարը շատ խիտ է։ Մեզ համար շատ կարևոր էր հաղթելը, սակայն դա տեղի չունեցավ, բայց չեմպիոնական պայքարը միանշանակ շարունակվելու է մինչև վերջին խաղը։
Ես ընդմիջմանը հանդերձարանում չէի, այդ պատճառով էլ չեմ իմացել, թե ինչ առաջադրանքներ է տվել Ռոնալդ Կումանը, սակայն երկրորդ խաղակեսում տեղի ունեցան փոփոխություններ․ փոխվեց մարտավարությունը։ Մենք փորձեցինք և կարող էինք ոչ-ոքի կորզել։
Ինչ վերաբերում է Բրեյթվեյթի ընկնելուն «Ռեալի» տուգանային հրապարակում, ապա այստեղ հարցն այն է՝ կա՞ր արդյոք բավարար հպում ընկնելու համար, թե՝ ոչ։ Ամեն դեպքում, ինձ զարմացրեց, որ մրցավարը միանգամից ասաց, թե ոչինչ տեղի չի ունեցել և նույնիսկ չդիմեց էլ VAR համակարգին»,- նշել է իսպանացի ֆուտբոլիստը, ում խոսքերը մեջբերում է AS-ը։
Հիշեցնենք, որ կայացած վերջին Էլ կլասիկոն սպասարկել է Խեսուս Խիլ Մանսանոյի գլխավորած մրցավարական բրիգադը, ում կայացրած մի շարք որոշումներ բողոքի տեղիք է տվել կատալոնական ակումբի ներկայացուցիչների կողմից։
Մասնավորապես՝ նրանք կարծում են, որ մրցավարը պետք է 11-մետրանոց հարված նշանակեր, երբ հանդիպման 84-րդ րոպեին Ֆերլան Մենդիի հետ հպումից հետո Մարտին Բրեյթվեյթն ընկավ մադրիդյան ակումբի տուգանային հրապարակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Լա-լիգա, Խեսուս Խիլ Մանսանո, Մարտին Բրեյթվեյթ, Ռեալ Մադրիդ, Սերժի Ռոբերտո, Ֆերլան-Մենդի