Սելարայանը շարունակում է փայլել` խփելով հերթական հիասքանչ գոլը🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Կալամբուս Քրյուն» հյուրընկալվելիս 3:1 հաշվով առավելության է հասել «Դի Սի Յունայթեդի» նկատմամբ։
«Կալամբուսի» կազմից հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, ով փոխարինվել է 83-րդ րոպեին։
29-ամյա ֆուտբոլիստը կրկին փայլել է և մեծապես նպաստել իր թիմի հաղթանակին` դառնալով դուբլի հեղինակ։
Հատկապես տպավորիչ է ստացվել Սելարայանի` 76-րդ րոպեին խփած գոլը, երբ ընթացքից, պտտեցրած հիանալի հարվածով գրավեց մրցակցի դարպասը, իսկ հաշիվը դարձավ 3:1։
Լուկասը մեկ գոլ էլ խփել է 45-րդ րոպեին` հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
Հայազգի ֆուտբոլիստը ՄԼՍ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 31 հանդիպում` դառնալով 11 գոլի և 6 գոլանին փոխանցման հեղինակ։
«Կալամբուս Քրյուն» այս հաղթանակից հետո վաստակեց 44 միավոր և Արևելյան կոնֆերենցիայի շրջանակում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։
«Դի Սի Յունայթեդը» նույնպես 44 միավոր ունի, սակայն լրացուցիչ ցուցանիշներով 8-րդն է։
Երկու ակումբներն էլ դեռևս պահպանում են ՄԼՍ-ի փլեյ-օֆֆ դուրս գալու շանսեր։
Ըստ ՄԼՍ-ի կանոնադրության` յուրաքանչյուր կոնֆերենցիայի 1-ին հորիզոնականը զբաղեղրած թիմերը նվաճում են միանգամից 1/4 եզրափակիչի, իսկ 2-7-րդ հորիզոնականները զբաղեցրածները` 1/8 եզրափակիչի ուղեգիր։
«Կալամբուս Քրյուն» ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության ավարտից մեկ տուր առաջ փլեյ-օֆֆ ուղեգիր տվող 7-րդ հորիզոնականը զբաղեցնող «Նյու-Յորք Ռեդ Բուլին» զիջում է 2 միավոր, սակայն վերջինս մեկ խաղ պակաս է անցկացրել։
«Կալամբուսը» ՄԼՍ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 8-ին և սեփական հարկի տակ կմրցի «Չիկագո Ֆայրի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դի Սի Յունայթեդ, Լուկաս Սելարայան, Կալամբուս Քրյու, Հայաստանի-հավաքական, ՄԼՍ, Նյու-Յորք Ռեդ Բուլ