Սասուոլոն և Նապոլին թրիլլեր էին պատրաստել՝ խփելով 6 գնդակ🎥

Սասուոլոն և Նապոլին թրիլլեր էին պատրաստել՝ խփելով 6 գնդակ🎥

03/03/2021 - 23:49

Իտալական Ա սերիայի 25-րդ տուրի շրջանակում «Սասուոլոն» սեփական հարկի տակ մրցեց «Նապոլիի» դեմ։

Հանդիպումն ակտիվ սկսեցին «Սասուոլոյի» ֆուտբոլիստները, ովքեր 15-րդ րոպեին կարող էին բացել խաղի հաշիվը, սակայն Դոմենիկո Բերարդիի հարվածից հետո նեապոլիտանական ակումբին փրկեց դարպասապահ Ալեքս Մերետը։

Խաղն ակտիվ սկսեցին տանտերերը, սակայն հաշիվը բացեցին Ջենարո Գատուզոյի սաները։ 24-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լորենցո Ինսինյեն, սակայն խաղը սպասարկող Վալերիո Մարինին, խորհրդակցելով VAR համակարգի սենյակում աշխատող իր գործընկերների հետ, չարձանագրեց խփած գնդակը, քանի որ խաղից դուրս իրավիճակում էր եղել «Նապոլիի» ֆուտբոլիստը։

34-րդ րոպեին խաղի հաշիվը բացվեց, սակայն այն արեցին «Սասուոլոյի» ֆուտբոլիստները։ Հարձակման աջ եզրում նրանք ստացել էին տուգանային հարվածի իրավունք, իսկ Դոմենիկո Բերարդիի հարվածից հետո Նիկոլ Մաքսիմովիչը գնդակը պատահմամբ ուղարկեց սեփական դարպասը։

Ռոբերտո Դե Ձերբիի սաների ուրախությունը երկար չտևեց, քանի որ ընդամենը 4 րոպե անց հաշիվը հավասարվեց․ «Նապոլիի» բազմաքայլ գրոհն իր տրամաբանական ավարտին հասցրեց Պյոտր Զելինսկին։

Ամեն դեպքում, «Սասուոլոյի» ֆուտբոլիստներին հաջողվեց հաղթողի կարգավիճակում գնալ ընդմիջման։ 45+1-րդ րոպեին Բերարդին, ի վերջո, խփեց իր գոլը՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։

Կողմերն ընդմիջման գնացին 2։1 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսն անցավ իսկական թրիլլերային և հետաքրքիր պայքարում։

Նախ նշենք, որ երկար ժամանակ վտանգավոր պահեր չկային, իսկ խաղակեսի միջնամասում տանտերերը շատ ավելի մոտ էին հաշիվը մեծացնելուն, սակայն ընդամենը երկու րոպեի ընթացքում նրանց հարվածներից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Այդ դրվագներից հետո աշխատեց ֆուտբոլում չգրված օրենքներից մեկը․ «չես խփում դու, խփում են քեզ»։ 73-րդ րոպեին Լորենցո Ինսինյեի՝ ձախ եզրից կատարած փոխանցումից հետո գնդակը Անդրեա Կոնսիլիի պաշտպանած դարպասն ուղարկեց Ջիովանի Դի Լորենցոն՝ լուսատախտակին վառելով 2։2 հաշիվը։

Այդ գոլից հետո «Նապոլիի» ֆուտբոլիստները ոգևորված նետվել էին առաջ՝ փորձելով հաղթանակ կորզել, ինչին շատ մոտ էին։ 90-րդ րոպեին 11-մետրանոց հարված նշանակվեց արդեն «Սասուոլոյի» դարպասին, որն անվրեպ իրացրեց Լորենցո Ինսինյեն։

Թվում էր՝ «Նապոլին» գեղեցիկ Comeback է իրականացնելու, սակայն 90+4-րդ րոպեին Վալերիո Մարինին այս խաղում արդեն երրորդ անգամ ձեռքով ցույց տվեց դեպի 11-մետրանոց նշակետը, և կրկին տուժողը Իտալիայի հարավից ժամանած ակումբն էր։ Քանի որ Դոմենիկո Բերարդին արդեն փոխարինվել էր, գնդակին այս անգամ մոտեցավ Ֆրանչեսկո Կապուտոն, ով էլ հուժկու հարվածով դրեց հանդիպման վերջակետը՝ 3։3։

Այսպիսով, այս խաղում կողմերից ոչ մեկին վիճակված չէր հաղթանակ տանել։ Խաղն ավարտվեց գերգոլառատ 3։3 հաշվով, ինչը նշանակում է, որ նրանք կիսեցին միավորը։

Այս ոչ-ոքիից հետո Ջենարո Գատուզոյի թիմը վաստակեց 44 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ «Սասուոլոն» 36 միավորով 8-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023