Հազնհյութլ. «Սա մղձավանջ է, սակայն մենք մեկ անգամ արդեն նման բանի միջով անցել ենք»
«Սաութհեմպտոնի» գլխավոր մարզիչ Ռալֆ Հազնհյութլը խոսել է Պրեմիեր լիգայի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած ջախջախիչ պարտության մասին։
Հիշեցնենք, որ այդ խաղում Օլե-Գունար Սուլշերի սաները 9 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը՝ սեփականը պահելով անառիկ։
«Խաղից հեռացում հանդիպման 3-րդ րոպեին, նման մրցակցի դեմ․․․
Շնորհավորում եմ «Մանչեսթեր Յունայթեդին»․ նրանք մեզ հաղթեցին և անընդհատ գոլեր էին խփում։
Երկրորդ կարմիր քարտն էլ ավելի հիասթափեցրեց մեզ․ մենք պարզապես այլ ֆուտբոլիստներ չունենք։
Յան Բեդնարեկը չսպանեց նրան, սակայն ես չեմ ցանկանում խոսել մրցավարության մասին։
Մենք այստեղ էինք եկել երկու պահեստային դարպասապահներով։ Այնպես որ, ես ցանկանում էի խաղաժամանակ տալ երիտասարդ ֆուտբոլիստներին։
Սակայն 9։0 հաշիվն այնքան էլ բարենպաստ պայման չէր նոր ֆուտբոլիստների փորձարկման համար։
Երկրորդ խաղակեսում մեր խնդիրն էր այլևս գոլեր բաց չթողնել մրցակցից, սակայն երբ մնացինք 9 ֆուտբոլիստով, նրանք հեշտությամբ սկսեցին գոլեր խփել։
Ի՞նչ կարող եմ ասել։ Սա մղձավանջ է, սակայն մենք մեկ անգամ արդեն նման բանի միջով անցել ենք և ստիպված ենք ևս մեկ անգամ անցնել»,- մարզչի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 25-ին «Լեսթերը» հյուրընկալվելիս նույն՝ 9։0 հաշվով հաղթեց «Սաութհեմպտոնին»։
Այս հանդիպումից հետո «սրբերը» 21 խաղերից հետո իրենց ակտիվում ունեն 29 միավոր և հանգրվանել են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականում։
«Մանչեսթեր Յունայթեդը» իր միավորների քանակը հասցրեց 44-ի և զբաղեցնում է մրցաշարային աղուսակի 2-րդ հորիզոնականը՝ իրենցից առաջ թողնելով միայն իրենց համաքաղաքացիներին՝ «Մանչեսթեր Սիթիին», որի հետ ունեն նույնքան միավորներ և զիջում են «քաղաքաբնակներին» միայն լրացուցիչ ցուցանիշներով։
Հատկանշական է, էր Պեպ Գվարդիոլայի սաները 2 խաղ էլ պակաս են անցկացրել իրենց մրցակիցների համեմատ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Յունայթեդ, Պրեմիեր-լիգա, Ռալֆ Հազնհյութլ, Սաութհեմփթոն, Օլե-Գունար-Սուլշեր