Սալահը խոշոր աշխատավարձ է պահանջել Բարսելոնայից
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։
Սալահի ու «Լիվերպուլի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, իսկ դրա երկարաձգման շուրջ բանակցությունները դեռևս որևէ արդյունք չեն տվել։
Ինչպես տեղեկացնում է As-ը, 29-ամյա վինգերի ծառայություններով հետաքրքրված է եղել «Բարսելոնան», սակայն կատալոնական ակումբը հրաժարվել է նրան գնելու գաղափարից։
Բանն այն է, որ եգիպտացի հարձակվողը «բլաուգրանայից» պահանջել է 5 տարվա պայմանագիր` տարեկան 17 մլն եվրո աշխատավարձով, ինչն էլ դարձել է գործարքի ձախողման պատճառ։
Նույնիսկ եթե «Բարսելոնան» բավարարեր Սալահի ֆինանսական պահանջները, ապա ակումբը ստիպված էր լինելու բանակցել նաև «Լիվերպուլի» հետ, որն իր ֆուտբոլիստի վաճառքից ցանկանում է ստանալ նվազագույնը 70 մլն եվրո։
Աղբյուրի փոխանցմամբ` կատալոնական ակումբը ստեղծված իրավիճակում բոլոր ուժերը կկենտրոնացնի Էրլինգ Հալանդին («Բորուսիա Դորտմունդ») և Ռոբերտ Լևանդովսկուն(«Բավարիա») ձեռք բերելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Մոհամեդ Սալահը «Լիվերպուլի» կազմում հանդես է գալիս 2017 թ. հուլիսից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 240 հանդիպում` դառնալով 153 գոլի և 57 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էրլինգ Հալանդ, Լիվերպուլ, Մոհամեդ-Սալահ, Ռոբերտ-Լևանդովսկի, տրանսֆերներ