Ռոնալդուն ու Մորատան ամենակարևոր պահին արթնանում են՝ առաջին տիտղոսը պարգևելով Անդրեա Պիռլոյին🎥
Հունվարի 21-ին Ռեջո-նել Էմիլիայի «Մապեյ-Չիտա դել Տրիկոլորե» մարզադաշտում տեղի ունեցավ Իտալիայի Սուպեր գավաթի 2020/21 մրցաշրջանի հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Յուվենտուսն» ու «Նապոլին»։
Հանդիպումը մեծամասամբ անցավ հավասար պայքարում։ Առաջին խաղակեսում հատուկենտ գոլային պահեր ունեին երկու թիմերն էլ։ Նպաստավոր դիրքերից վրիպեցին Իրվինգ Լոզանոն և Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։
Հանդիպման 64-րդ րոպեին, ի վերջո, գրանցվեց դարպասի առաջին գրավումը։ «Յուվենտուսի» ֆուտբոլիստները հարձակման աջ եզրում անկյունային հարվածի իրավունք էին ստացել, որի խաղարկումից հետո Կրիշտիանու Ռոնալդուն առաջ մղեց «բյանկոներիներին»։
80-րդ րոպեին Ջենարո Գատուզոյի սաները հաշիվը հավասարեցնելու հիանալի հնարավորություն ունեին, սակայն Լորենցո Ինսինյեն վրիպեց 11-մետրանոց նշակետից։ Իտալացի վինգերի հարվածը շեղ ստացվեց։
Խաղավարտին մոտ «Յուվենտուսի» ֆուտբոլիստները կրկնապատկեցին իրենց առավելությունը․ 90+6-րդ րոպեին աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Ալվարո Մորատան։
Այսպիսով, «ծեր սինյորան» հաղթեց 2։0 հաշվով և ռեկորդային 9-րդ անգամ տիրացավ Իտալիայի Սուպեր գավաթին, իսկ Անդրեա Պիռլոն նվաճեց մարզչական կարիերայի առաջին տիտղոսը։
# Անդրեա Պիռլո, Իտալիայի Սուպեր գավաթ, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Նապոլի, Ջենարո Գատուզո