Ռոնալդուն միամգանից երկու տպավորիչ ռեկորդ է սահմանել` գերազանցելով Կասիլիասին ու Մեսսին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 3:2 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Ատալանտայի» նկատմամբ։
Մանկունյական ակումբի կազմից այդ հանդիպմանը մասնակցել է նաև Կրիշտիանու Ռոնալդուն, ով էլ 81-րդ րոպեին խփել է իր թիմի հաղթական գնդակը։
Մասնակցելով այս հանդիպմանը և դառնալով գոլի հեղինակ` պորտուգալացի հարձակվողը միանգամից երկու ռեկորդ է թարմացրել։
Ինչպես տեղեկացնում է Eurosport-ը, եվրագավաթային մրցաշարերի շրջանակում Ռոնալդուն անցկացրել է 187-րդ հանդիպումը և դարձել է երբևէ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը` շրջանցելով «Ռեալ Մադրիդի» և «Պորտուի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասին, ում ակտիվում կա 186 հանդիպում։
Ռոնալդուն 183 հանդիպում անցկացրել է ՉԼ-ի, երկուական հանդիպում էլ` ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի և ՈՒեՖԱ-ի գավաթի շրջանակում (խմբ.` ՈՒԵՖԱ-ի գավաթը ներկայիս Եվրոպա լիգան է)։
Բացի դրանից, Ռոնալդուն դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով ՉԼ շրջանակում գոլի հեղինակ է դարձել 38 տարբեր թիմերի դեմ խաղերում և շրջանցել է Լեո Մեսսիին։
Մեսսին, գրավելով «Լայպցիգի» դարպասը, այդ ցուցանիշով հավասարվել էր Ռոնալդուին։ Այդ մասին էլ հայտնում է Squawka Football-ը։
Հավելենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի շրջանակում բոլորից շատ` 10 գոլի հեղինակ դարձել է «Յուվենտուսի» դեմ խաղերում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատալանտա, Իկեր Կասիլիաս, Լեո Մեսսի, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, Չեմպիոնների-լիգա