Ռոնալդուն հուսով է, որ աշխարհի առաջնությունից հետո կփոխի ակումբային գրանցումը
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է «կարմիր սատանաներում» իր կարգավիճակից և ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է The Times-ը, պորտուգալացի ֆուտբոլիստը հուսով է, որ Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո կկարողանա լքել մանկունյական ակումբի շարքերը։
Հաղորդվում է, որ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը ուրախ կլինի բաժանվել այնպիսի ֆուտբոլիստից, ով ակնհայտ դեմ է արտահայտվում իր աշխատանքի մեթոդներին։
Նշվում է, որ 37-ամյա ֆուտբոլիստի` ակումբային գրանցումը փոխելու հարցը կախված է միայն «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունից և անձամբ իրենից։
Խնդիրն այն է, որ Ռոնալդուն բավական բարձր աշխատավարձ է ստանում «կարմիր սատանաների» կազմում և այլ ակումբ տեղափոխվելու դեպքում ստիպված կլինի էականորեն նվազեցնել այն։
Ինչ վերաբերում է «Յունայթեդի» ղեկավարությանը, ապա վերջինս պորտուգալացի ֆուտբոլիստին դիտարկում է որպես մարկետինգային հզոր միջոց, քանի որ նրա` թիմում գտնվելը մեծ շահույթ է ապահովում ակումբի համար։
Հիշեցնենք, որ դեռևս 2022 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ էր Ռոնալդուն ցանկանում հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»։
37-ամյա ֆուտբոլիստի գործակալը` Ժորժե Մենդեշը, իր հաճախորդի տեղափոխության հարցում բանակցություններ է վարել մի շարք ակումբների հետ, սակայն նրանցից ոչ մեկը պատրաստակամություն չհայտնեց պայմանագիր կնքել Ռոնալդուի հետ։
Հավելենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանում «կարմիր սատանաների» կազմում մասնակցել է 9 հանդիպման` դառնալով ընդամենը 1 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էրիկ Տեն Հագ, Ժորժե Մենդեշ, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, տրանսֆերներ