Ռոնալդուն կրկին գործի մեջ է` ապահովելով Յունայթեդի ֆանտաստիկ Comeback-ն Ատալանտայի դեմ խաղում 🎥
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» F խմբի շրջանակում «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Ատալանտայի» դեմ։
Չնայած առաջին խաղակեսում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն ունեին տարածքային առավելություն և ավելի շատ էին հարվածում, կարելի է ասել, մանկունյական ակուկբի համար այն ձախողված էր։
Դրան գումարվեց նաև բաց թողած երկու գնդակը, որոնք 15-րդ ու 29-րդ րոպեներին իրենց անվան դիմաց գրանցեցին համապատասխանաբար Մարիո Պաշալիչն ու Մերիհ Դեմիրալը։
Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում` 53-րդ րոպեին, Օլե-Գունար Սուլշերի սաները մեկ գնդակ հետ բերեցին. աչքի ընկավ Մարկուս Ռեշֆորդը։
Խփած գոլն ակտիվացրեց տանտերերին, ովքեր 58-րդ րոպեին կարող էին հավասարեցնել հաշիվը, սակայն Սքոթ Մաքթոմինայի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Այդ դրվագից հետո մանկունյական ակումբը տիրում էր նախաձեռնությանը, սակայն խաղում սրություն չկար։
Դեռ ավելին` Բերգամոյից ժամանած հյուրերը 70-րդ րոպեին կարող էին դնել հանդիպման վերջակետը, սակայն «Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան մեկ դրվագում երկու հիանալի սեյվ կատարեց` փրկելով Դուվան Սապատայի և Ռուսլան Մալինովսկու կատարած հարվածներից հետո։
Գործեց ֆուտբոլի չգրված գլխավոր օրենքը. «Չես խփում դու, խփում են քեզ…»։ 75-րդ րոպեին Հարի Մագուայերը խփեց «ՄՅՈՒ»-ի երկրորդ պատասխան գնդակը և հաշիվը դարձրեց 2:2։
Չբավարարվելով ձեռք բերածով` «կարմիր սատանաները» 81-րդ րոպեին արդեն առաջ անցան հաշվի մեջ, իսկ գոլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն։
Խաղավարտին մոտ Սուլշերի սաները հանգստացրին խաղն ու հանդիպումը մոտեցրին տրամաբանական ավարտին` հաղթելով 3:2 հաշվով։
Այս խմբում կայացավ ևս հանդիպում.
«Յանգ Բոյս» 1:4 «Վիլյառեալ»
F խումբը 3-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.
- «Մանչեսթեր Յունայթեդ» – 6 միավոր
- «Ատալանտա» – 4 միավոր
- «Վիլյառեալ» – 4 միավոր
- «Յանգ Բոյս» – 3 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատալանտա, Կրիշտիանու-Ռոնալդու, Հարի-Մագուայեր, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարիո Պաշալիչ, Մարկուս-Ռեշֆորդ, Մերիհ Դեմիրալ, Չեմպիոնների-լիգա, Օլե-Գունար-Սուլշեր