Ռոնալդինիոյի ճակատագիրը կախված է մի կնոջից, ով հետախուզման մեջ է
Պարագվայի ոստիկանությունը հետախուզում է մի կնոջ, ում պատճառով Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինիոն կեղծ փաստաթղթերով մեկնել է Պարագվայ և հայտնվել բանտում։
Բրազիլիական ԶԼՄ-ների տեղեկություններով, 40-ամյա նախկին ֆուտբոլիստը Պարագվայ էր մեկնել, որպեսզի Fundación Fraternidad Angelical հիմնադրամի հետ միասին բարեգործական ակցիա իրականացներ։ Այդ հիմնադրամն անվճար բուժօգնություն է տրամադրում կարիքավոր ընտանիքների երեխաներին։
Ինչպես տեղեկացնում է La Nacion-ը, Ռոնալդինիոն և նրա եղբայրը հարցաքննության ժամանակ մատնանշել են հենց այդ հիմնադրամի ներկայացուցիչներին, ովքեր նրանց հրավիրել են Պարագվայ և տվել են նրանց կեղծ փաստաթղթեր։ Նախկին ֆուտբոլիստի արտերկիր մեկնելու անձնագիրը բռնագրավվել է հարկերը չվճարելու համար։ Այդ հիմնադրամի ղեկավարը 48-ամյա Դալիա Անժելիկա Լոպեսն է։
Նրան կալանավորելու որոշում է կայացվել, սակայն իրավապահ մարմինները դեռևս չեն կարողանում գտնել։ Ոստիկանները խուզարկել են կնոջը պատկանող բոլոր անշարժ գույքերը, սակայն չեն գտել նրան։ Բարեգործական հիմնադրամի շտաբ-բնակարանում ոստիկանները գտել էին միայն Ռոնալդինիոյի դեմքով 5 հազար փուչիկներ։ Հաղորդվում է, որ հենց այդ կնոջից է կախված Ռոնալդինիոյի և նրա եղբոր ճակատագիրը, եթե կարողանան ապացուցել, որ այդ կինը խաբել է նրանց, ապա նրանք կհայտնվեն ազատության մեջ։
Նշվում է, որ այդ կինը սերտ կապեր ունի Պարագվայի իշխող կուսակցության հետ, սակայն քիչ է հայտնվում հասարակության մեջ։
# Ռոնալդինիո