Ռոմայի երիտասարդները փայլեցին` հետ բերելով 2 գնդակի տարբերությունը Վերոնայի դեմ խաղում🎥
Իտալական Ա սերիայի 26-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մրցեց «Վերոնայի» դեմ։
Հանդիպումը պարզապես շոկային մեկնարկ ունեցավ «գայլերի» համար, քանի որ արդեն 20-րդ րոպեին հյուրերը հաղթում էին 2:0 հաշվով. աչքի ընկան Անտոնին Բարակն ու Ադրիեն Թամեզը։
32-րդ րոպեին «Վորոնայի» ֆուտբոլիստները «Օլիմպիկո» մարզադաշտի լուսատախտակին վառեցին արդեն 0:3 հաշիվը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Լուկա Պայրետոն խաղից դուրս իրավիճակի պատճառով չարձանագրեց Ջովանի Սիմեոնեի խփած գոլը։
Առաջին կեսում այլևս գոլեր չտեսանք, իսկ կողմերն ընդմիջման գնացին «Վերոնայի»` երկու գնդակի առավելության պայմաններում։
Երկրորդ կեսի հենց մեկնարկից Ժոզե Մոուրինիոյի թիմը կերպարանափոխված տեսք ուներ` նետվելով առաջ` հետ բերելու կորցրածը։
«Յուրահատուկը» 62-րդ րոպեին դաշտ դուրս բերեց 18-ամյա ավստրալացի կիսապաշտպան Քրիստիան Վոլպատոյին, ով միայն երկրորդ հանդիպումն էր անցկացնում «Ռոմայի» կազմում։
Փոխարինման դուրս գալուց 3 րոպե անց` 65-րդ րոպեին, անկյունայինի խաղարկումից հետո Վոլպատոն կրճատեց հաշիվն ու այն դարձրեց 1:2։
78-րդ րոպեին Մոուրինիոն ևս մեկ բեկումնային փոխարինում կատարեց` Էյնսլի-Մետլեյնդ Նայլսի փոխարեն դաշտ դուրս բերելով 19-ամյա կիսապաշտպան Էդոարդո Բովեին։
84-րդ րոպեին հռոմեական ակումբի իրացրած հերթական անկյունայինից հետո էլ այս անգամ հերոսացավ Բովեն` խփելով «գայլերի» երկրորդ պատասխան գնդակը։
Խաղավերջում էլ «ջալոռոսիները» մեծ ճնշում էին գործադրում հյուրերի դարպասի ուղղությամբ, սակայն այս խաղում այլևս գոլեր չգրանցվեցին, որն ավարտվեց 2:2 հաշվով։
Այսպիսով, այս ոչ-ոքիից հետո «Ռոման» վաստակեց 41 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
«Վերոնան», 37 միավորով, 9-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ադրիեն Թամեզ, Անտոնին Բարակ, Էդոարդո Բովե, Ժոզե Մոուրինիո, Իգոր Տուդոր, Ռոմա, Քրիստիան Վոլպատո