Ռիվեր Փլեյթը հսկայական գումար կստանա Էնցո Ֆերնանդեսի` Չելսի տեղափոխությունից

Ռիվեր Փլեյթը հսկայական գումար կստանա Էնցո Ֆերնանդեսի` Չելսի տեղափոխությունից

01/02/2023 - 13:16

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Չելսին» ավարտին է հասցրել «Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի գործարքը։

Պորտուգալական ակումբի պաշտոնական կայքը հրապարակել է գործարքի ֆինանսական բոլոր մանրամասները։

Աղբյուրի փոխանցմամբ` «ազնվականները» գործարքի դիմաց վճարելու են 121 մլն եվրո, որի 25%-ն ստանալու է արգենտինացի ֆուտբոլիստի նախկին ակումբը` «Ռիվեր Փլեյթը»։

«Ռիվերը» 2022 թ. ամռանը Ֆերնանդեսին «Բենֆիկային» վաճառելիս կողմերի միջև կնքված պայմանագրում նման կետ էր մտցրել, ըստ որի, ֆուտբոլիստի հաջորդ տեղափոխությունից պետք է ունենա 25% մասնաբաժին։

TyC Sports-ի լրագրող Սեսար Լուիս Մերլոն Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, որ «Ռիվեր Փլեյթը» 22-ամյա ֆուտբոլիստի «Չելսի» տեղափոխությունից կստանա 30 մլն եվրո, ևս 4 միլիոն ակումբը կվաստակի համերաշխության վճարման մեխանիզմի շնորհիվ։

Նշենք, որ 2022 թ. ամռանը «Ռիվերն» Էնցո Ֆերնանդեսին «Բենֆիկային» վաճառել էր միայն 10 մլն եվրոյի դիմաց։

Ստացվում է, որ «լոս միլիոնարիոսն» իր սանի գործարքից ընդհանուր վաստակեց 44 մլն եվրո, ինչն ակումբի պատմության ամենաթանկարժեք վաճառքն է։

Մինչ այս «Ռիվերի» ամենաթանկարժեք վաճառքը եղել էր Խավիեր Սավիոլայի գործարքը, երբ 2001 թ. ամռանը «Բարսելոնան» նրա դիմաց վճարեց 35.9 մլն եվրո։

Հավելենք, որ Էնցո Ֆերնանդեսը «Ռիվեր Փլեյթի» կազմում հանդես է եկել 2018-22 թթ.` անցկացրած 53 խաղում դառնալով 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023