Ռեալ Սոսիեդադի աստղը ցանկանում է տեղափոխվել Բարսելոնա
«Բարսելոնան» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամրապնդել կենտրոնական հարձակվողի գոտին։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբի short-list-ում հայտնվել է նաև «Ռեալ Սոսիեդադի» հարձակվող Ալեքսանդր Իսակը, ում «բլաուգրանան» կփորձի գնել, եթե ձախողի Էրլինգ Հալանդի («Բորուսիա Դորտմունդ») տրանսֆերը։
Աղբյուրի փոխանցմամբ` շվեդ հարձակվողը շատ է դուր գալիս «Բարսելոնայի» մարզչական շտաբին, իսկ ակումբի սկաուտներն արդեն մի քանի ամիս է հետևում են նրա խաղին։
Արդեն հայտնի է, որ 22-ամյա հարձակվողը ցանկանում է համալրել «Բարսելոնայի» շարքերը, այդ պատճառով էլ նա դադարեցրել է այլ ակումբների հետ բանակցությունները։
Նշվում է, որ Ալեքսանդր Իսակի և «Ռեալ Սոսիեդադի» միջև գործող պայմանագրում կա հրաժարագնի կետ, որը կազմում է 80 մլն եվրո, սակայն բասկյան ակումբի ղեկավարները գիտակցում են, որ շվեդ դուտբոլիստի վաճառքից դժվար կլինի ստանալ այդքան գումար` առաջին հերթին հաշվի առնելով «Բարսելոնայի» ֆինանսական ոչ բարվոք վիճակը։
Ամեն դեպքում, հաղորդվում է, որ Իսակն ու «Ռեալ Սոսիեդադի» ղեկավարները լավ հարաբերություններ ունեն ու մեծ է հավանականությունը, որ եթե 22-ամյա ֆուտբոլիստն առաջարկ ստանա «կապտանռնագույններից», բասկերը զիջումների կգնան ու բաց կթողնեն շվեդ հարձակվողին։
Հատկանշական է, որ այդ ամենին զուգահեռ, թե՛ «Բարսելոնայի» ղեկավարները և թե՛ մարզչական շտաբն ակումբի հարձակման գծի ամրապնդման հիմնական թեկնածու դիտարկում են Էրլինգ Հալանդին, սակայն նորվեգացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են գրեթե բոլոր եվրոպական գրանդները և չկա որևէ երաշխիք, որ Հալանդը կհամալրի «բլաուգրանայի» շարքերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Իսակ, Բարսելոնա, Էրլինգ Հալանդ, Ռեալ-Սոսիեդադ, տրանսֆերներ