Բենզեման շարունակում է գոլեր խփել․ Ռեալը բարձր նոտայի վրա է մոտենում ՉԼ-ին🎥

Բենզեման շարունակում է գոլեր խփել․ Ռեալը բարձր նոտայի վրա է մոտենում ՉԼ-ին🎥

03/04/2021 - 20:11

Իսպանական Լա լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Էյբարի» դեմ։

Ինչպես և սպասվում էր, խաղը մեկնարկեց «արքայական» ակումբի առավելությամբ, որի ֆուտբոլիստները տարածքային և խաղային լուրջ առավելություն ունեին։

Հանդիպման հենց մեկնարկում՝ 4-րդ րոպեին, Կարիմ Բենզեման բացեց խաղի հաշիվը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Իսիդրո Դիաս դե Մերան չհաշվեց գոլը, քանի որ ֆրանսիացի հարձակվողը եղել էր խաղից դուրս վիճակում։

21-րդ րոպեին հաշիվը բացելուն մոտ էր Մարկո Ասենսիոն, սակայն իսպանացի ֆուտբոլիստի հարվածից հետո բասկյան ակումբին փրկեց դարպասաձողը։

37-րդ րոպեին, ամեն դեպքում, Ասենսիոն խփեց իր գոլը, սակայն այդ անգամ նույնպես արձանագրվեց խաղից դուրս։

41-րդ րոպեին Ասենսիոն երրորդ փորձից, ի վերջո, դարձավ գոլի հեղինակ, իսկ հաշիվը դարձավ 1։0։

Առաջին խաղակեսն ավարտվեց Զինեդին Զիդանի սաների նվազագույն առավելությամբ։

Բավական երկար ժամանակ երկրորդ խաղակեսում մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները վերահսկում էին խաղը և 73-րդ րոպեին կրկնապատկեցին իրենց առավելությունը, իսկ գոլն իր անվան դիմաց գրանցեց Կարիմ Բենզեման։

Հավելենք, որ ֆրանսիացի հարձակվողը «սերուցքայինների» կազմում գոլի հեղինակ է դառնում արդեն 7-րդ խաղում անընդմեջ՝ այդ ընթացքում խփելով 9 գնդակ։

Խփած երկրորդ գոլից հետո «Ռեալ Մադրիդը» հանդիպումը հանգստացրեց՝ մոտեցնելով այն հաղթական ավարտին։

Այսպիսով, Զիդանի թիմն այս հաղթանակից հետո վաստակեց 63 միավոր, շրջանցեց «Բարսելոնային» և ժամանակավորապես բարձրացավ 2-րդ հորիզոնական։ Կատալոնական ակումբի ակտիվում կա 62 միավոր, իսկ ընթացիկ տուրում իր հանդիպումը «Բարսելոնան» կանցկացնի ապրիլի 5-ին՝ սեփական հարկի տակ մրցելով «Վալյադոլիդի» դեմ։

Հիշեցնենք, որ Լա լիգայի առաջատարը 66 միավորով «Ատլետիկոն» է։ «Հնդկացիներն» 29-րդ տուրի շրջանակում ապրիլի 4-ին կհյուրընկալվեն «Սևիլիային»։

Ինչ վերաբերում է «Էյբարին», ապա ակումբը 23 միավորով զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023