«Ռեալում» գլխավոր մարզչի երկու տարբերակ են քննարկել
Մադրիդի «Ռեալում» գլխավոր մարզչի պաշտոնի համար քննարկել են Ունայի Էմերիի ու Յուրգեն Կլոպի տարբերակները, իր յութուբյան ալիքում հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Շատ հարցեր են եղել Ունայի Էմերի վերաբերյալ, բայց «Ռեալը» նոր գլխավոր մարզչի ընտրության գործընթացը դեռ չի սկսել։ Դրա համար որոշ ժամանակ է հարկավոր։
«Ռեալը» մինչև մրցաշրջանի ավարտն Ալվարո Առբելոային աշխատելու հնարավորություն կտա։ Ակնհայտ էր, որ մեկնարկը հաջող չէր, հատկապես Իսպանիայի գավաթի խաղարկությունում և Չեմպիոնների լիգայում, բայց Լա լիգայում կարծես ամեն ինչ լավ է ընթանում, ուստի նա աշխատելու ժամանակ կստանա։
Քննարկվել է նաև Յուրգեն Կլոպի և այլ թեկնածուների տարբերակները, բայց դա եղել է միայն ակումբի ներսում։ Այժմ ակումբում փորձում են հասկանալ, թե ում կարող են ներառել թեկնածուների կարճ ցանկում, եթե որոշեն նոր գլխավոր մարզիչ նշանակել։
Այժմ գործընթացը միայն նախնական փուլում է, ու միայն ներքին քննարկումներ են։ Աշխատանքային գործընթացի ծրագիրը դեռ հաստատված չէ. ակումբը որևէ մասնագետի հետ չի բանակցել։
Ունայի Էմերին ամբողջությամբ կենտրոնացած է «Ասթոն Վիլայում» աշխատանքի վրա։ Մինչև ամառ դեռ շատ ժամանակ կա։ Ամեն ինչ հնարավոր է»,- ասել է Ռոմանոն։
«Արքայական» ակումբը հունվարի 13-ին գլխավոր մարզչի պաշտոնից ազատել է Չաբի Ալոնսոյին` նրա փոխարեն նշանակոլով Ալվարո Առբելոային։
Ունայի Էմերին մինչև 2029թ. հուլիսի 1-ը ներառյալ գործող պայմանագիր ունի «Ասթոն Վիլայի» հետ։
Յուրգեն Կլոպը 2024թ. հուլիսին` «Լիվերպուլից» հեռանալուց հետո, մարզչական գործունեությամբ չի զբաղվել։ Նա աշխատում է «Ռեդ Բուլին» պատկանող 6 ակումբներում ու զբաղեցնում է արտաքին կապերի գծով տնօրենի պաշտոնը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ալվարո Առբելոա, Խաբի Ալոնսո, Յուրգեն-Կլոպ, Ունայ-Էմերի, Ռեալ Մադրիդ, Ֆաբրիցո Ռոմանո