Ռեալի շարժիչը. 5 փաստ Լուկա Մոդրիչի մասին

Ռեալի շարժիչը. 5 փաստ Լուկա Մոդրիչի մասին

20/03/2022 - 09:54

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ժամանակակից ֆուտբոլի ամենախելացի ֆուտբոլիստներից մեկն է։

Ներկայացնում ենք 5 փաստ խորվաթ կիսապաշտպանի մասին։

1. Լուկա Մոդրիչը մանուկ հասկաում եղել է փախստական

Լուկան անչափ ծանր մանկություն է ունեցել։ Մոդրիչը մեծացել է 1990-ականներին` Հարավսլավիայի պատերազմի ժամանակաշրջանում։

Այդ պատերազմը ողբերգական ընթացք ունեցավ Մոդրիչի համար, քանի որ դրա ժամանակ զոհվեց նրա պապիկը։

Պատերազմի հետևանքով Մոդրիչն ընտանիքի հետ դարձավ փախստական` լքելով հարազատ` Զադար քաղաքը։ Նրանք տեղափոխվեցին Մակարասկա քաղաք, որտեղ տեղակայված էր փախստականների ու տեղահանվածների հատուկ ճամբար։

2. «Բարսելոնան» 2008 թվականին փորձել է գնել Լուկա Մոդրիչին

Այսօր դժվար է պատկերացնել, սակայն 2008 թվականին, երբ Մոդրիչը դեռ 23 տարեկան էր, «Բարսելոնան» փորձել է գնել նրան։

Մոդրիչն այդ ժամանակ հարցազրույց տվեց Mundo Deportivo պարբերականին, որի շրջանակում նշել է, թե որքան շատ է ցանկանում տեղափոխվել «Բարսելոնա» ու նույնիսկ լուսանկարվել է «բլաուգրանայի» մարզաշապիկով։

Այդուհանդերձ, գործարքն ինչ-ինչ պատճառներով չկայացավ, իսկ խորվաթ ֆուտբոլիստը 2008 թ. հուլիսին «Դինամո Զագրեբից» տեղափոխվեց «Տոտենհեմ», իսկ 2012 թ.` «Ռեալ Մադրիդ»։

3. Լուկա Մոդրիչը «Ռեալի» կազմում անցկացրած առաջին իսկ խաղում տիտղոս նվաճեց

2012 թ. ամռանը «Տոտենհեմից» տեղափոխվելով «Ռեալ»` խորվաթ ֆուտբոլիստը «արքայական» ակումբի կամզում առաջին հանդիպումն անցկացրեց օգոստոսի 30-ին։

Այդ օրը մադրիդյան ակումբն Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան հանդիպման շրջանակում մրցում էր «Բարսելոնայի» դեմ ու հաղթեց 2:1 հաշվով, ինչը թույլ տվեց «սերուցքայիններին» մրցակցի հարկի տակ ավելի շատ գոլ խփելու շնորհիվ ընդհանուր 4:4 հաշվի պայմաններում դառնալ մրցաշարի հաղթող։

4. Լուկա Մոդրիչի` «Տոտենհեմից» «Ռեալ» տեղափոխությունը ճանաչվել է 2012 թ. վատագույն տրանսֆեր

Չնայած «Ռեալի» կազմում առաջին իսկ խաղում նվաճած տիտղոսին` խորվաթ ֆուտբոլիստը մադրիդյան կարիերայի սկզբում լուրջ խնդիրների բախվեց։

2012/13 մրցաշրջանի միջնամասում Մոդրիչի տեղափոխությունը ճանաչվեց 2012 թ. Լա լիգայի վատագույն տրանսֆեր։

Այդուհանդերձ, այդ պահից սկսած, խորվաթ ֆուտբոլիստը բազմիս ապացուցել է, որ քննադատները չարաչար սխալվել են նրա հարցում` ժամանակի ընթացքում դառնալով համաշխարհային ֆուտբոլի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։

5. Աշխարհի 2018 թ. առաջնության ժամանակ Մոդրիչը բոլորից շատ րոպեներ է անցկացրել խաղադաշտում

2018 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունը դարձավ Լուկա Մոդրիչի կարիերայի ամենաորոշիչ և ամենահիշարժան մրցաշարերից մեկը։

Մոդրիչը մրցաշարի ընթացքում ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրեց` օգնելով Խորվաթիայի հավաքականին պատմական նվաճման հասնել. «շախմատայինները» հասան մինչև աշխարհի առաջնության եզրափակիչ, սակայն 2:4 հաշվով պարտվեցին Ֆրանսիային։

Քանի որ Խորվաթիան փլեյ-օֆֆ փուլի բոլոր հանդիպումներում (խմբ.` Դանիայի, Ռուսաստանիև Անգլիայի դեմ) լրացուցիչ ժամանակ անցկացրեց, իսկ Մոդրիչն այդ խաղերին մասնակցել է ամբողջությամբ, նա մրցաշարի ընթացքում դաշտում բոլորից շատ խաղաժամանակ անցկացրեց` 694 րոպե։

Լուկա Մոդրիչը ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ, իսկ 2018 թ. դեկտեմբերին դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր։

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023