Ռեալի գոլահարը. 5 փաստ Կարիմ Բենզեմայի մասին

Ռեալի գոլահարը. 5 փաստ Կարիմ Բենզեմայի մասին

19/03/2022 - 12:40

2009 թ. ի վեր, երբ Կարիմ Բենզեման համալրեց «Ռեալ Մադրիդի» շարքերը, ֆրանսիացի հարձակվողը շարունակում է գոլեր խփել և ցույց տալ անհավանական կամք ու երկարակեցություն` նույնսիկ 34 տարեկանում սահմանելով արդյունավետության անձնական տպավորիչ ռեկորդներ։

Այժմ կներկայացնենք 5 փաստ Կարիմ Բենզեմայի մասին։

1. Բենզեման Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուներից մեկն է

Երբ խոսում ենք Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուների մասին, միգուցե Բենզեման այն ֆուտբոլիստներից չէ, ում անունն առաջինն ենք մտաբերում, սակայն նա մրցաշարի պատմության 4-րդ լավագույն ռմբարկուն է։

Ֆրանսիացի հարձակվողը Չեմպիոնների լիգայի շրջանակում անցկացրած 137 խաղում դարձել է 79 գոլի հեղինակ ու այդ ցուցանիշով զիջում է միայն Կրիշտիանու Ռոնալդուին (140 գոլ), Լեո Մեսսիին (125 գոլ) և Ռոբերտ Լևանդովսկիին (85 գոլ)։

2. Բենզեման խփել է Էլ Կլասիկոների պատմության ամենաարագ գոլը

Ֆրանսիացի հարձակվողից ընդամենը 22 վայրկյան պահանջվեց, որպեսզի 2011 թ. դեկտեմբերին գրավի «Բարսելոնայի» դարպասը (1:3)` դառնալով Էլ Կլասիկոների պատմության ամենաարագ գոլի հեղինակը։

Մինչ օրս Բենզեման «Բարսելոնայի» դեմ անցկացրել է 41 հանդիպում` դառնալով 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

3. Բենզեման կարող էր հանդես գալ Ալժիրի հավաքականի կազմում

Կարիմ Բենզեման ծնվել և մեծացել է ֆրանսիական Լիոն քաղաքում, սակայն ունի ալժիրական արմատներ։

Բենզեմայի հայրը ծնունդով Ալժիրից է, իսկ մայրը` Լիոնից, սակայն նա նույնպես սերտ կապեր ունի արաբական երկրի հետ։

Հայտնի է, որ Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիան փորձել է Բենզեմային համոզել ընտրել իր պատմական հայրենիքի հավաքականը, սակայն նա վաղուց կողմնորոշվել էր հավաքականի հարցում։

Բենզեման 2007 թ. նորամուտը նշեց Ֆրանսիայի հավաքականի կազմում և արդեն 36 գոլ է խփել «եռագույնների» կազմում անցկացրած 94 խաղում։

4. Ֆիլմ` նվիրված Բենզեմայի կյանքին

«Le K Benzema» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականին, որը պատմում է, թե ինչպես է «Լիոնում» զարգացել Կարիմ Բենզեմայի կարիերան և ինչպես է «Ռեալում» դարձել համաշխարհային աստղ։

Ֆիլմը ներառում է տարբեր հարցազրույցներ Բենզեմայի ծնողների, նրա մանկության ընկերների ու խաղընկերների հետ։

Բացի դրանից, այն պատմում է Բենզեմայի` հայտնի ռեփեր Բուբայի և համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանի հետ մտերմիկ հարաբերությունների մասին։

5. Բենզեման ունի 8 քույր և եղբայր, որոնցից երկուսը նույնպես ֆուտբոլիստ են

Կարիմ Բենզեման բազմանդամ ընտանիքից է և ընդհանուր առմամբ ունի 5 եղբայր ու 3 քույր։

Բենզեման ընտանիքի երրորդ տղան է, իսկ նրա կրտսեր եղբայրները` Գրեսին և Սաբրին, նույնպես զբաղվել են ֆուտբոլով, սակայն չեն հասել այն նույն հաջողություններին, ինչ նրանց ավագ եղբայրը։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023