Ռեալը ֆինանսական խնդիրներ ունի․ ամռանը, հնարավոր է, ակումբը որևէ համալրում չունենա
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Ռեալը», հավանական է, ամռանը չունենա որևէ համալրում։
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի պատճառով «սերուցքայինները» լուրջ խնդիրների առջև են բախվել։ Ակումբը ցանկանում է գնահատել այն հնարավորությունները, թե արդյո՞ք տարբեր միջոցների ձեռնարկմամբ հնարավոր է խուսափել հետագա ֆինանսական կորուստներից, թե՞ ոչ։ Խոսքը հիմնականում ակումբի ֆուտբոլիստների և աշխատակիցների աշատավարձերի կրճատման մասին է։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նման պայմաններում ակումբի ղեկավարները մտադիր չեն ամռանը իրականացնել որևէ տրանսֆեր։ Այն խաղացողները, որոնց նկատմամբ «արքայական» ակումբը անտարբեր չէր, առաջարկվել է սպասել մինչև 2021 թվականի ամառ։
Նշվում է, որ «Ռեալը» հետաքրքրված է այնպիսի խաղացողների ծառայություններով, ինչպիսիք են «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդը, «Ռենի» հենակետային կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան, ինչպես նաև «Բայերի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կայ Հավերցը, դե իսկ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին «արքայական» ակումբը շատ վաղուց է ցանկանում ձեռք բերել։ Հաղորդվում է, որ գալիք տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ռեալը» կիրականացնի որևէ տրանսֆեր, եթե կարողանա խաղացողների վաճառքից ստանալ 150 մլն կամ ավելի գումար, սակայն, հաշվի առնելով նաև մյուս թիմերի ֆինանսական դժվար կացությունը, այդ ամենը քիչ հավանական է։
# Էդուարդո Կամավինգա, Էրլինգ Հալանդ, Կայ Հավերց, Կիլիան-Մբապե, կորոնավիրուս, Ռեալ Մադրիդ