Ռեալը խայտառակվում է! Սեգունդա Բ-ից անհայտ ակումբը 10 ֆուտբոլիստներով հրաշք գործեց🎥
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակչի շրջանակում «Ռեալը» հյուրընկալվեց Սեգունդա Բ-ի 3-րդ խմբում հանդես եկող «Ալկոյանո» ակումբին
Խաղի սկզբից «արքայական» ակումբը նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը և մրցակցին գրեթե զրկեց գնդակին տիրելու հնարավորությունից, սակայն, ինչպես վերջերս հաճախ է պատահում «Ռեալի» հետ, բավական երկար ժամանակ չէր կարողանում գտնել դեպի մրցակցի դարպասը տանող բանալին։
Միայն առաջին խաղակեսի վերջին՝ 45-րդ, րոպեին Մարսելոյի փոխանցումից հետո Էդեր Միլիտաոն կարողացավ բացել խաղի հաշիվը՝ 0։1։
Արդարության համար պետք է նշենք, որ «սերուցքայինները» ոչ հիմնական կազմով էին դուրս եկել խաղադաշտ, սակայն այս հանգամանքը ոչ մի կերպ չի արդարացնում այն, ինչ կատարվեց խաղի հիմնական ժամանակից 10 րոպե առաջ։
«Ալկոյանոյի» հարձակվող Ռոման Լոպեսի փոխանցումից հետո անակնկալ կերպով հաշվի կավասարությունը վերականգնեց պաշտպան Խոսե Սոլբեսը՝ 1։1։
Հատկանշական է, որ այդ հարվածը ամբողջ խաղի ընթացքում առաջինն էր «Ռեալի» դարպասին, որն էլ վերածվեց գոլի։
Հանդիպման հիմնական ժամանակն այդպես էլ ավարտվեց և հաղթողին որոշելու համար կողմերին անհրաժեշտ եղավ լրացուցիչ ժամանակ։
Ինչպես հանդիպման հիմնական, այնպես էլ լրացուցիչ ժամանակն անցնում էր «արքայական» ակումբի առավելությամբ, ինչին նպաստեցին նաև Զինեդին Զիդանի կատարած մի շարք փոփոխությունները։
Լրացուցիչ առաջին խաղակեսում փոխարինման մտան Մարկո Ասենսիոն, Էդեն Ազարն ու Տոնի Կրոսը, ովքեր բավականին ակտիվացրին խաղը։
Հանդիպման 110-րդ րոպեին «Ալկոյանոյի» ֆուտբոլիստները մնացին 10 հոգով, քանի որ հարձակվող Ռամոն Լոպեսը ընդամենը 40 րոպեի ընթացքում երկու անգամ պատժվեց դեղին քարտով՝ հեռացվելով խաղադաշտից։ Լոպեսը փոխարինման էր մտել հանդիպման 72-րդ րոպեին։
Թվում էր՝ այդքանից հետո մադրիդյան ակումբը կճնշի մրցակցին ու հաղթանակի կհասնի, սակայն ճիշտ հակառակը տեղի ունեցավ, քանի որ 115-րդ րոպեին «Ալկոյանոն» առաջ անցավ հաշվի մեջ, իսկ գոլի հեղինակ դարձավ Խուանան Կազանովան։
«Ռեալի» ֆուտբոլիստներն այդ գոլից հետո ոչ մի կերպ չկարողացան ուշքի գալ և փրկել հանդիպումը։
Այսպիսով, «Ալկոյանոն» համաշխարհային մակարդակի անակնկալ մատուցեց՝ հաղթելով 2։1 հաշվով։
«Ալկոյանոն» պայքարը կշարունակի Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչում, իսկ «արքայական» ակումբը՝ դուրս է մնում։
# Ալկոյանո, Էդեր Միլիտաո, Իսպանիայի գավաթ, Խոսե Սոլբես, Խուան Կազանովա, Ռեալ Մադրիդ, Սեգունդա Բ