Ռեալը չի պատրաստվում  նոր պայմանագիր առաջարկել իր երկու ֆուտբոլիստներին

Ռեալը չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել իր երկու ֆուտբոլիստներին

22/06/2022 - 19:51

«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներ Դանի Սեբալյոսն ու Մարկո Ասենսիոն, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանան ակումբից։

Բանն այն է, ինչպես հայտնում է Marca-ն, «արքայական» ակումբն այդ ֆուտբոլիստներին չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել, որն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին։

Հաղորդվում է, որ թե՛ Ասենսիոն և թե՛ Սեբալյոսը ցանկանում են կայուն խաղաժամանակ ունենալ, որպեսզի կարողանան Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը, ինչը «Ռեալում» մնալու դեպքում քիչ հավանական է։

«Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է հասկանալ, թե ինչ մտադրություններ ունեն երկու ֆուտբոլիստներն էլ , իսկ դրան զուգահեռ, նրանց գործակալները աշխատում են շուկայում և տարբերակներ են փնտրում իրենց հաճախորդների համար:

Նշվում է, որ մադրիդյան ակումբը պատրաստ է առաջարկներ լսել Սեբալյոսի ու Ասենսիոյի վերաբերյալ, սակայն չի պատրաստվում հեշտությամբ նրանց բաց թողնել, քանի որ ներկա պահին «Ռեալը» ֆուտբոլիստներ վաճառելու խնդիր չունի։

Այդուհանդերձ, «սերուցքայիններն» ավելի շատ տրամադրված են բաժանվել իսպանացի ֆուտբոլիստներից, քանի որ ակումբում հասկանում են, որ նրանց պայմանագրերը երկարաձգելը նույնպես բարդ խնդիր է։

Հավելենք, որ Մարկո Ասենսիոն «Ռեալում» հանդես է գալիս 2016 թ. հունիսից, որի կազմում անցկացրել է 235 հանդիպում` դառնալով 49 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։

Ինչ վերաբերում է Դանի Սեբալյոսին, ապա 25-ամյա կիսապաշտպանն «արքայական» ակումբի շարքերը համալրել է 2017 թ. հուլիսին, որի մարզաշապիկով անցկացրել է 74 հանդիպում` դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023