Ռեալը չի կարողանում համաձայնության հասնել Ռամոսի հետ․ ակումբը սկսել է փոխարինող փնտրել Ռամոսի համար

Ռեալը չի կարողանում համաձայնության հասնել Ռամոսի հետ․ ակումբը սկսել է փոխարինող փնտրել Ռամոսի համար

03/01/2021 - 11:52

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին։ Կողմերը պայամանագրի երկարաձգման հարցում ներկա պահին բանակցություններ են վարում, սակայն դեռևս համաձայնության չեն կարողանում հասնել։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած ֆինանսական ճգնաժամի պատճառով մադրիդյան ակումբի ֆինանսական հնարավորությունները սահմանափակվել են, ինչի պատճառով «Ռեալի» ղեկավարները աշխատավարձերի կրճատման հարցով ևս մեկ անգամ պետք է դիմեն ակումբի աշխատակիցներին և ֆուտբոլիստներին։ Այդ ամենն անդրադառնում է նաև «Ռեալի» ու Ռամոսի միջև բանակցություններին։

34-ամյա պաշտպանը ցանկանում է մնալ «Ռեալում», ակումբը նույնպես ցանկանում է պահել նրան, սակայն կողմերը դեռևս չեն կարողանում պայմանավորվել խաղացողի աշխատավարձի հարցի շուրջ։ Ներկա պահին Ռամոսի աշխատավարձը կազմում է 13 մլն եվրո։ Բացի դրանից, «արքայական» ակումբի կանոնադրության մեջ կա կետ, ըստ որի, 30-ն անց ֆուտբոլիստների պայմանագրերը պետք է երկարաձգել մեկ տարով, սակայն Ռամոսը ցանկանում է ավելի երկարաժամկետ պայմանագիր ստանալ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը ներկա պահին հեռու են վերջնական համաձայնության հասնելուց, իսկ իսպանացի ֆուտբոլիստը, ըստ ՖԻՖԱ-ի կանոնադրության, իր գործող պայմանագրի ավարտից 6 ամիս առաջ (հունվարի 1-ից) կարող է ցանկացած ակումբի հետ բանակցություններ վարել, պայմանագիր համաձայնեցնել և ամռանն անվճար հեռանալ «Ռեալից»։

«Ռեալն» էլ իր հերթին, հասկանալով, որ արդեն բացառված չէ Սերխիո Ռամոսի հեռանալը, սկսել է խաղացողի համար փոխարինող փնտրել։ Հունվարի 2-ին կայծակնային արագությամբ տեղեկություններ տարածվեցին, որ «սերուցքայինները» պայմանագիր են համաձայնեցրել «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբայի հետ, ով սույն թվականի ամռանը նույնպես դառնալու է ազատ գործակալ։ Դեռևս որևէ պաշտոնական տեղեկություն չկա այդ մասին, սակայն աղբյուրները, որոնք գրում էին այդ մասին, բավական վստահելի են։

Ակումբը դիտարկում է նաև Էրիկ Գարսիայի («Մանչեսթեր Սիթի») և Պաու Տորեսի («Վիլյառեալ») տարբերակները։

Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը «Ռեալ» է տեղափոխվել 2005 թվականի օգոստոսին։ Այն ժամանակ «արքայական» ակումբը «Սևիլիային» վճարեց 27 մլն եվրո․ մինչ այժմ իսպանացի պաշտպանը մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 666 հանդիպում՝ դառնալով 100 գոլի և 40 գոլային փոխանցման հեղինակ։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023