Ռեալը շատ մոտ է Մբապեի տրանսֆերն ավարտին հասցնելուն`  նրա հետ  համաձայնեցնելով պայմանագիր

Ռեալը շատ մոտ է Մբապեի տրանսֆերն ավարտին հասցնելուն` նրա հետ համաձայնեցնելով պայմանագիր

17/05/2022 - 11:17

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Ռեալ Մադրիդ»։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, դեռևս մարտի 15-ին «արքայական» ակումբն անձնական պայմանագիր է համաձայնեցրել ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ։

Կողմերի միջև կնքվելու է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ Մբապեի տարեկան աշխատավարձը կազմելու է 30 մլն եվրո, որին հետագայում հավելավճարների տեսքով ավելանալու է ևս 10 միլիոն եվրո։

23-ամյա ֆուտբոլիսը «Ռեալի» հետ պայմանագիր կնքելու համար ստանալու է միանվագ ստանալու է նաև 40 մլն եվրո հավելավճար։

Ֆաբրիցիո Ռոմանոն էլ Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, որ մադրիդյան ակումբի ղեկավարներն արդեն այսօր` մայիսի 17-ին, հանդիպում կունենան Մբապեի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը ներկա են լինելու ֆուտբոլիստի ընտանիքի անդամներն ու իրավաբանները։

Անցնող օրերին Մբապեն եղել է Քաթարում, սակայն «Ռեալ» տեղափոխության վերջին մանրուքները քննարկելու նպատակով վերադարձել է Փարիզ, իսկ «արքայական» ակումբը պատրաստվում է վճռորոշ քայլերին։

Marca-ն էլ հայտնում է, որ «սերուցքայինները» դեռևս նախորդ շաբաթ են ավարտին հասցրել ֆրանսիացի գոլահարի տրանսֆերը։

Աղբյուրի փոխանցմամբ` մայիսի 9-10-ին Մբապեն եղել է Մադրիդում, իսկ «Ռեալի» գործադիր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը չեղարկել է նախօրոք պլանավորված բոլոր հանդիպումները։

Այդ երկու օրը Սանչեսն օգտագործել է` Մբապեի հետ վերջնական համաձայնության հասնելու համար։

Նշվում է, որ ողջ մրցաշրջանի ընթացքում «Ռեալը» վստահելի մարդկանց միջոցով համոզել է Մբապեին համալրել իրենց շարքերը, սակայն կողմերի միջև անմիջական շփումը չի եղել։ Կիլիանը խուսափել է դրանից, թեև սույն թվականի հունվարի 1-ից իրավունք է ունեցել բանակցել յուրաքանչյուր ակումբի հետ` առանց ՊՍԺ-ին տեղյակ պահելու։

«Ռեալն» այնքան ժամանակ պաշտոնապես չի հայտարարի Կիլիան Մբապեի հետ պայմանագիր կնքելու մասին, մինչև ֆուտբոլիստն անձամբ դրա մասին չբարձրաձայնի։

Ավելի վաղ Մբապեն նշել է, որ իր ապագայի վերաբերյալ կայացրած որոշման մասին կհայտարարի նախքան Ֆրանսիայի հավաքականին միանալը, որը նախատեսված է մայիսի 28-ին։

Հիշեցնենք, որ ֆրանսիացի հարձակվողը ՊՍԺ-ի շարքերը համալրել է 2017 թ. օգոստոսին, որի կազմում մինչ օրս անցկացրել է 216 հանդիպում` դառնալով 168 գոլի և 87 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023