Ռեալը հստակորեն կատարեց իր առջև դրված խնդիրը 🎥
Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Էյբարին» և հաղթեց վերջինիս 1։3 հաշվով։
Առաջ անցնելով ասենք, որ մադրիդցիների ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման իր մասնակցությունն ունեցավ «արքայական ակումբի» խփած բոլոր գոլերում՝ իր ակտիվում գրանցելով 1 գոլ և 2 գոլային փոխանցում։
Նախ՝ խաղի 6-րդ րոպեին Ռոդրիգոյի փոխանցումից հետո հյուրերի հարձակման առաջատարը բացեց խաղի հաշիվը՝ 0։1։
Ապա՝ 13-րդ և 90+2-րդ րոպեներին նրա փոխանցումից հետո գոլերի հեղինակ դարձան Լուկա Մոդրիչն ու Լուկասը՝ խփելով իրենց թիմի երկրորդ և երրորդ գնդակները։
«Էյբարին» հաջողվեց միայն մեկ անգամ գրավել մրցակցի դարպասը․ խաղի 28-րդ րոպեին Ռոդրիգեսի փոխանցումից հետո գոլն իր ակտիվում գրանցեց տանտերերի հարձակվող Կիկեն։
Այսպիսով՝ չնայած որոշ քննադատությունների՝ Զիդանի սաները վերջին 5 խաղերում նույնքան հաղթանակ են տոնել։
Այս հաղթանակից հետո «Ռեալը», անցկացրած 14 խաղում վաստակելով 29 միավոր, կիսում է առաջին հորիզոնականը մադրիդյան մեկ այլ ակումբի՝ «Ատլետիկոյի» հետ, սակայն արդարության համար պետք է նշել, որ Դիեգո Սիմեոնեի տղաները 2 խաղ պակաս են անցկացրել։
Դե իսկ «Էյբարը» 14 խաղից հետո 14-րդ հորիզոնականում է։ Ակումբն իր ակտիվում ունի 15 միավոր։
# Էյբար, Լուկա-Մոդրիչ, Լուկաս, Կարիմ-Բենզեմա, Կիկե, Ռեալ Մադրիդ, Ռոդրիգո