Բենզեման հիանալի մարզավիճակում է ՝ Ռեալին պահելով չեմպիոնական պայքարում🎥
Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Ռեալը» հյուրընկալվելիս մրցեց «Սելտայի» դեմ։
Ինչպես և սպասվում էր, հանդիպման առաջին կեսն անցավ «արքայական» ակումբի առավելությամբ, որի ֆուտբոլիստներն իրենց առաջին իսկ լուրջ գոլային գրոհի ընթացքում բացեցին խաղի հաշիվը․ Տոնի Կրոսի փոխանցումից հետո աչքի ընկավ Կարիմ Բենզեման։
Նույն պատկերն էր նաև երկրորդ գոլի ժամանակ, որին հեռուստադիտողները երկար չպասեցին․ 30-րդ րոպեին կրկին աչքի ընկավ Կարիմ Բենզեման՝ հաշիվը դարձնելով 2։0։
Հավելենք, որ վերջին շրջանում Կարիմ Բենզեման պարզապես հիանալի ֆուտբոլ է ցուցադրում։ Ֆրանսիացի հարձակվողը նախորդ 6 պաշտոնական խաղերում դարձել է 8 գոլի հեղինակ, իսկ այս երկու գոլերի շնորհիվ Լա լիգայի շրջանակում իր գոլերը հասցրեց 17-ի և լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացավ «մաքուր» 3-րդ հորիզոնական՝ առաջատար Լեո Մեսսիին զիջելով 4 գնդակ։ Ռմբարկուների ցուցակում երկրորդը «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսն է, ում ակտիվում կա 18 գնդակ։
Խփած երկրորդ գնդակից հետո էլ Զինեդին Զիդանի սաները պահպանում էին առավելությունը, սակայն, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, 40-րդ րոպեին Վիգոն ներկայացնող ակումբի ֆուտբոլիստները մեկ գնդակ հետ բերեցին։
Դենիս Սուարեսի՝ տուգանային հարվածի իրացումից հետո աչքի ընկավ Սանտի Մինան։
Նախքան ընդմիջման գնալն այլևս գոլեր չգրանցվեցին, իսկ կողմերն ընդմիջման գնացին «Ռեալի» առավելությամբ։
Երկրորդ խաղակեսում տարածքային առավելությունն արդեն «Սելտայի» ֆուտբոլիստների կողմն էր, սակայն, ճիշտ է՝ նրանք ավելի շատ էին տիրում գնդակին, բայց տանտերերի խաղում ընդհանրապես սրություն չկար։
Նույնը կարելի է ասել «արքայական» ակումբի մասին, որի խաղում որոշակի հոգնածություն էր նկատվում։
Ամեն դեպքում, Էդուարդո Կոուդետի սաները 82-րդ րոպեին քիչ մնաց հավասարեցնեին հաշիվը։ «Սելտայի» ֆուտբոլիստներն անչափ նպաստավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք էին վաստակել, սակայն Յագո Ասպասի հարվածից հետո մադրիդյան ակումբին օգնության հասավ դարպասաձողը։
Խաղավերջում «Սելտայի» առավելությունն ավելի նկատելի էր, որը ամեն ինչ արեց այս խաղում մեկ միավոր վաստակելու համար, սակայն, ի վերջո, «Ռեալի» ֆուտբոլիստները պաշտպանվեցին հաջողությամբ՝ խաղը մոտեցնելով հաղթական ավարտին։
Դեռ ավելին՝ 90+4-րդ րոպեին մադրիդյան ակումբը ևս մեկ գնդակ ուղարկեց «Սելտայի» դարպասը, որն իր անվան դիմաց գրանցեց Մարկո Ասենսիոն։
Այսպիսով, «Ռեալը» դժվար պայքարում 3։1 հաշվով հաղթեց «Սելտային», վաստակեց 60 միավոր, շրջանցեց «Բարսելոնային» և բարձրացավ 2-րդ հորիզոնական։ Կատալոնական ակումբի անվան դիմաց կա 59 միավոր, սակայն «Բարսելոնան» ընթացիկ տուրում դեռևս չի անցկացրել իր հանդիպումը։ Ռոնալդ Կումանի թիմը մարտի 22-ին հյուրընկալվելիս կմրցի «Ռեալ Սոսիեդադի» դեմ։
Առաջնության առաջատարը «Ատլետիկո Մադրիդն» է, որի ակտիվում կա 63 միավոր։ «Հնդկացիներն» էլ այս տուրում մարտի 21-ին սեփական հարկի տակ կմրցեն «Ալավեսի» դեմ։
Ինչ վերաբերում է «Սելտային», ապա ակումբը մնաց 34 միավորով և զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դենիս Սուարես, Զինեդին-Զիդան, Էդուարդո Կոուդետ, Լա-լիգա, Կարիմ-Բենզեմա, Յագո Ասպաս, Ռեալ Մադրիդ, Սանտի Մինա, Սելտա, Տոնի-Կրոս