Ռանոս. «Հայաստանի համար խաղալուց ավելի լավ բան չկա, և միշտ այդպես է լինելու» 📸
Գերմանական «Կայզերսլաութերնի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը սոցցանցերում գրառում է արել և անդրադարձել Հայաստանի ազգային հավաքականից հեռացվելուն.
«Այն մարդիկ, որոնք ճանաչում են ինձ, գիտեն, որ մեծագույն պատիվ է խաղալ իմ երկրի` Հայաստանի համար։
Ազգային հավաքականի գլխավոր մարզչի հետ առանձնազրույցում վստահություն ունեցա խոսել նրա հետ իմ կարգավիճակի մասին։ Ես ցանկանում էի նրան տեղեկացնել, որ պատրաստ եմ, ինձ լավ եմ զգում և լիովին մոտիվացված` խաղալու և թիմին օգնելու համար:
Զարմանալիորեն մարզիչն ինձ ասաց, որ առաջիկա խաղում ինձ հետ հույսեր չի կապում։ Քանի որ ինձ համար խաղաժամանակ ստանալն այժմ ամենակարևորն է, իսկ խաղադաշտ դուրս գալու առանձնապես հույս չունեի, պայմանավորվեցինք մարզչի հետ, որ ես վերադառնամ «Կայզերսլաութերն»` պատրատսվելու հաջորդ խաղին։
Ցանկանում եմ շեշտել, որ Հայաստանի համար խաղալուց ավելի լավ բան չկա, և միշտ այդպես է լինելու»,- գրել է Ռանոսը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Ռանոսին հեռացել է ազգային թիմից.
«Ցանկանում եմ հայտարարություն անել Հայաստանի հավաքականի խաղացողներից Ռանոսի վերաբերյալ, որը փաստացի պահանջում էր խաղալ վաղը: Իմ կարիերայում նման բան չէի տեսել, որ խաղացողն ասի. «Եթե չլինեմ մեկնարկային կազմում, կհեռանամ թիմից»: Այսպիսով՝ նա հեռացել է թիմից ու չի լինի: Եթե նման բան ես անում, ուրեմն՝ թիմի խաղացող չես։
Բոլորը գիտեն պատճառը. նա Երկրորդ Բունդեսլիգայում նախորդ 3 ամիսներին 30 րոպե է խաղացել, հիմա տեղ է ուզում մեկնարկային կազմում»,- ասել է հոլանդացի մասնագետը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
