Ռամոս. «ՊՍԺ-ի համար կպայքարեմ մինչև մահ»
ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է Չեմպիոնների լիգայի վիճակահանության և մրցաշարի 1/8 եզրափակիչում «Ռեալ Մադրիդի» դեմ կայանալիք դիմակայության մասին.
«Երբ ես ինքնաթիռ նստեցի, մեր մրցակիցը «Մանչեսթեր Յունայթեդն» էր, ինչն ինձ դուր եկավ, իսկ հետագայում պարզ դարձավ, որ վիճակահանության արդյունքները չեղարկվել են։
Ես կցանկանայի խուսափել «Ռեալին» հանդիպելուց, սակայն «Սանտիագո Բերնաբեու» վերադարձը միայն ուրախանալու առիթ է։ Կորոնավիրուսի պատճառով ես չկարողացա հրաժեշտ տալ «Ռեալին»։
Բախտը քմահաճ է։ Ես կցանկանայի ՊՍԺ-ին այլ մրցակից բաժին հասներ։ Բոլորը գիտեն, թե ես որքան կապված եմ ու որքան եմ սիրում «Ռեալին»։
Այժմ ես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ եմ և կանեմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ ակումբին դուրս գալ հաջորդ փուլ։ Այս ակումբը հույս է դրել ինձ վրա, այդ պատճառով էլ ՊՍԺ-ի համար կպայքարեմ մինչև մահ»,- նշել է իսպանացի պաշտպանը, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Ռամոսը 2005-2021 թթ. հանդես է եկել «Ռեալի» կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 671 հանդիպում` դառնալով 101 գոլի և 40 գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա 2022 թ. փետրվարի 15-ին` Փարիզում, իսկ պատասխանը` մարտի 9-ին` Մադրիդում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս