Ռամոսը շարունակում է փայլել, իսկ Ֆաթին՝ պատմություն կերտել 🎥
Սեպտեմբերի 6-ին մեկնարկեց Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության երկրորդ տուրը։
Ա լիգայի 4-րդ խմբում Իսպանիայի հավաքականը Մադրիդի «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում մրցեց ՈՒկրաինայի հավաքականի դեմ՝ որևէ հնարավորություն չտալով մրցակցին։
Լուիս Էնրիկեի սաները ողջ խաղի ընթացքում տոտալ առավելություն ունեին և 4 անգամ «պատժեցին» մրցակցին։ Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ «Ֆուրիա ռոխայի» ավագ Սերխիո Ռամոսը։ 34-ամյա պաշտպանն Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է արդեն 23 գոլի հեղինակ և այդ ցուցանիշով կրկնեց «Ռեալի» լեգենդար հարձակվող Ալֆրեդո դի Ստեֆանոյի ցուցանիշը։ «Կարմիրների» պատմության լավագույն ռմբարկուների ցանկում այժմ Ռամոսը և Դի Ստեֆանոն կիսում են 8-9-րդ հորիզոնականը։ Լավագույնը «Վալենսիայի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Դավիդ Վիլլան է, ով դարձել է 59 գոլի հեղինակ։
Հանդիպման 32-րդ րոպեին էլ հիանալի հարվածով գոլի հեղինակ դարձավ 17-ամյա հարձակվող Անսումանե Ֆաթին։ Նա դարձավ Իսպանիայի պատմության շրջանակում երբևէ գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Նա գոլ խփելու պահին 17 տարեկան և 311 օրական էր։
Խաղավարտին մոտ՝ 84-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ նաև «Մանչեսթեր Սիթիի» նորեկ Ֆերրան Տորեսը, ով նույնպես իր առաջին գոլը խփեց Իսպանիայի հավաքականի կազմում։
Այսպիսով, իսպանացիները 4։0 հաշվով վստահ հաղթանակ տարան Անդրեյ Շևչենկոյի սաների նկատմամբ և վաստակած 4 միավորով գլխավորում են Ա լիգայի 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը։
# Ազգերի լիգա, Անդրեյ Շևչենկո, Անսումանե-Ֆաթի, Իսպանիայի հավաքական, Լուիս Էնրիկե, Ուկրաինայի հավաքական, Սերխիո-Ռամոս, Ֆերրան Տոռես