«Ռամոն Սանչես Պիսխուանում» կրքերը թեժ էին. Սևիլիան ու Բարսան կիսեցին միավորը🎥
Իսպանական Լա լիգայի շրջանակում կայացավ 4-րդ տուրից հետաձգված «Սևիլիա» – «Բարսելոնա» հանդիպումը։
Հանդիպման մեկնարկում, ճիշտ է, գնդակին տիրելու տեսանկյունից հավասար պայքար էր դաշտում, սակայն «Բարսելոնան» խաղային առավելություն ուներ։
Այդուհանդերձ, խաղի հաշիվը բացեցին տանտերերը. 32-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Ալեխանդրո Պապու Գոմեսը։
Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին հավասար հաշվի պայմաններում. 45-րդ րոպեին իր` հաջող իրացրած անկյունայինով պատասխանեց արդեն «Բարսելոնան», իսկ գոլի հեղինակ դարձավ Ռոնալդ Արաուխոն։
Երկրորդ խաղակեսի մեկնարկը նույնպես անցնում էր հավասար պայքարում, սակայն 63-րդ րոպեին կրքերն անսպասելի սրվեցին։
Փոքրիկ բախում տեղի ունեցավ Ժյուլ Կունդեի («Սևիլիա») և Ժորդի Ալբայի («Բարսելոնա») միջև, սակայն ֆրանսիացի պաշտպանի նյարդերը տեղի տվեցին, ինչից հետո գնդակով միտումնավոր հարվածեց Ալբայի դեմքին։
Այդ դրվագը չվրիպեց հանդիպման գլխավոր մրցավար Կառլոս Դել Սերո Գրանդեի ուշադրությունից և միանգամից կարմիր քարտով պատժեց Կունդեին` հեռացնելով նրան դաշտից։
Ստանալով քանակական առավելություն` Խավիի թիմը նետվեց առաջ` հաղթանակ կորզելու։
Հյուրերը ստեղծեցին մի շարք իրական գոլային պահեր, սակայն անդալուսական ակումբի պաշտպանները հետ էին մղում «Բարսելոնայի» գրոհները։
Կարելի է առանձնազնել հատկապես 84-րդ րոպեին Ուսման Դեմբելեի դրվագը, երբ ֆրանսիացի վինգերի հարվածից հետո գնակը դիպավ դարպասաձողին։
Ի վերջո հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
Այս ոչ-ոքիից հետո «Սևիլիան» վաստակեց 38 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
«Բարսելոնան», 28 միավորով, 7-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեխանդրո Գոմես, Բարսելոնա, Ժյուլ Կունդե, Ժորդի Ալբա, Լա-լիգա, Խավի, Խուլիեն Լոպետեգի, Կառլոս Դել Սեռո Գրանդե, Ռոնալդ Կուման, Սևիլիա