Ռազմական հեղաշրջման պատճառով Լոկոմոտիվի ֆուտբոլիստը չի կարողացել վերադառնալ Ռուսաստան
Ինչպես տեղեկացնում է Eurosport-ը, Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Ֆրանսուա Կամանոն չի կարողանում Գվինեայից վերադառնալ Ռուսաստան։
Բանն այն է, որ ֆուտբոլիստին հրավիրել էին Գվինեայի հավաքական` մասնակցելու աշխարհի 2022 թ. առաջնության Աֆրիկայի գոտու որակավորման փուլի հանդիպումներին, սակայն սեպտեմբերի 5-ին երկրում ռամզական հեղաշրջում է տեղի ունեցել. զինված խումբը գերի է վերցրել երկրի նախագահ Մամադի Դումբայային, դադարեցրել է երկրի սահմանադրության գործունեությունը, ինչպես նաև մեկ շաբաթով փակել է երկիր մուտք ու ելք անելու հնարավորությունը։
Հատկանշական է, որ սեպտեմբերի 6-ին Գվինեայի հավաքականն ԱԱ-2022-ի որակավորման փուլի 2-րդ տուրի շրջանակում պետք է մրցեր Մարոկկոյի ընտրանու դեմ, սակայն հանդիպումը, հեղաշրջման պատճառով, հետաձգվել է անորոշ ժամանակով։
Հավելենք, որ Կամանոն «Լոկոմոտիվի» գույները պաշտպանում է 2020 թ. օգոստոսից և ակումբի կազմում անցկացրել է 40 խաղ` դառնալով 9 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Գվինեայի հավաքական, Լոկոմոտիվ, Մարոկկոյի հավաքական, Ֆրանսուա Կամանո