Պանդև 🔥!!! 37-ամյա Գորան Պանդևը չի դադարում փայլել՝ առաջ տանելով Ջենոային🎥
Իտալական Ա սերիայի 21-րդ տուրի շրջանակում առաջնության ներքևի հատվածում գտնվող «Ջենոան» սեփական հարկի տակ մրցեց «Նապոլիի» դեմ։
Հանդիպման հենց մեկնարկից նեապոլիտանական ակումբը տիրել էր նախաձեռնությանը և ավելի լավ տեսք ուներ, սակայն խաղն անսպասելի ընթացք ստացավ, քանի որ «Ջենոայի» ֆուտբոլիստները 26-րդ րոպեի դրությամբ երկու գնդակի առավելություն էին ստացել։
Նույնիսկ 37 տարեկան հասակում չի դադարում փայլել Գորան Պանդևը, ով 11 ու 26-րդ րոպեներին երկու անգամ գրավեց Դավիդ Օսպինայի դարպասը՝ դառնալով դուբլի հեղինակ։
Խաղի մնացած ժամանակահատվածում «Նապոլիի» ֆուտբոլիստները շատ լուրջ խաղային ու տարածքային առավելություն ունեին, իսկ Դավիդե Բալարդինիի թիմը ոչնչով աչքի չէր ընկնում՝ չսպառնալով մրցակցի դարպասին։
Չնայած այդ առավելությանը՝ Ջենարո Գատուզոյի թիմը միայն հանդիպման 79-րդ րոպեին կարողացավ մեկ գնդակ հետ բերել․ աչքի ընկավ Մատեո Պոլիտանոն։
Թվում էր՝ բավական երկար ժամանակ կա «Նապոլիի» տրամադրության տակ, որպեսզի փրկի հանդիպումը, սակայն հյուրերին չհաջողվեց 1 միավոր տուն տանել։
Վերջում միայն հավելենք, որ «Ջենոան» ողջ հանդիպման ընթացքում կատարեց ընդամենը 3 հարված, 2-ը՝ դիպուկ, որոնք էլ դարպասի գրավումով ավարտվեցին։ «Նապոլին» իր հերթին գնդակին տիրում էր 67%, կատարեց 20 հարված, որոնցից 11-ը՝ դիպուկ, սակայն չհաջողվեց նույնիսկ ոչ-ոքի ավարտել խաղը։
Այսպսիով, վետերան Գորան Պանդևը 2։1 հաշվով հաղթանակ պարգևեց իր թիմին։ Ջենոական ակումբն Ա սերիայի շրջանակում տանում է արդեն 3-րդ անընդմեջ հաղթանակը և վաստակած 24 միավորով 11-րդ հորիզոնականում է։
«Նապոլին» էլ մնաց 37 միավորով և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը՝ ձեռքից բաց թողնելով «Ռոմային» հավասարվելու հնարավորությունը։
# Ա-սերիա, Գորան Պանդև, Դավիդե Բալարդինի, Մատեո Պոլիտանո, Նապոլի, Ջենարո Գատուզո, Ջենոա, Ռոմա