Ջեկոն հերոսանում է` ապահովելով Ինտերի կամային հաղթանակը🎥

Ջեկոն հերոսանում է` ապահովելով Ինտերի կամային հաղթանակը🎥

03/10/2021 - 12:09

Իտալական Ա սերիայի 7-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ինտերը» հյուրընակվելիս մրցեց «Սասուոլոյի» դեմ։

Հանդիպման առաջին խաղակեսը բավական անհաջող էր ընթանում «Ինտերի» համար. «ներաձուրիները» չիրացրին մի քանի գոլային պահեր, իսկ 22-րդ րոպեին «Սասուոլոն» բացեց խաղի հաշիվը։

«Ինտերի» կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Ժերեմի Բոգայի նկատմամբ, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Լուկա Պայրետոն հյուրերի դարպասին 11-մետրանոց հարված նշանակեց, որն անվրեպ իրացրեց Դոմենիկո Բերարդին։

Կողմերն ընդմիջման գնացին «Սասուոլոյի» նվազագույն առավելության պայմաններում։

Երկրորդ խաղակեսի մեկնարկն էլ անցնում էր տանտերերի առավելությամբ, ովքեր կարող էին կրկնապատկել իրենց առավելությունը, սակայն «կապտասևերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչը փրկեց իր թիմին Ռոժերիոյի և Բոգայի հարվածներից հետո։

57-րդ րոպեին «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձզագին մի շարք փոխարինումներ կատարեց` դաշտ դուրս բելերով նաև Էդին Ջեկոյին, ով էլ հետագայում բեկեց այս հանդիպման ընթացքը։

Ջեկոն փոխարինման դուրս գալուց ընդամենը վայրկյաններ անց` 58-րդ րոպեին, գլխի դիպուկ հարվածով հավասարեցրեց հաշիվը` եզրափակելով Իվան Պերիշիչի` ձախ եզրից կատարած փոխանցումը։

Հատկանշական է, որ բոսնիացի հարձակվողը նոր մեկնարկած մրցաշրջանում «Ինտերի» կազմում անցկացրած 7 խաղում խփել է արդեն 6 գոլ ու հավասարվեց լավագույն ռմբարկուների ցուցակը գլխավորող Չիրո Իմոբիլեին («Լացիո)։

76-րդ րոպեին էլ Ջեկոն իր թիմի համար 11-մետրանոց հարված վաստակեց, քանի որ «Սասուոլոյի» դարպասապահ Անդրես Կոնսիլին կանոնների խախտում էր թույլ տվել։

Նշակետից հարվածեց Լաուտարո Մարտինեսը, ով էլ հաշվի մեջ առաջ մղեց արդեն «Ինտերին»։

Նշենք, որ արգենտինացի հարձակվողի ակտկվում էլ կա արդեն 5 գոլ և լավագույն ռմբարկուների շրջանակում երրորդն է։

Խաղավարտին մոտ Ալեսիո Դիոնիզիի սաները կրկին ակտիվացան և կարող էին խփել պատասխան գնդակը, սակայն Սամիր Հանդանովիչը մի քանի անգամ էլ փրկեց «Ինտերին»։

Ընդհանուր առմամբ «Սասուոլոյի» դեմ խաղում սլովենացի դարպասապահը կատարեց 7 սեյվ։

Ինչպես պարզվեց հետագայում, Լաուտարոյի գոլն այս խաղում վերջինն էր, որն էլ հաղթական դարձավ «ներաձուրիների» համար։

Այսպիսով, «Ինտերը» 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Սասուոլոյի» նկատմամբ, վաստակեց 17 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական։

«Սասուոլոն» էլ մնաց նախապես վաստակած 7 միավորով, ինչը համապատասխանում է 13-րդ հորիզոնականին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023