Պրեմիեր լիգան պատվաստված ֆուտբոլիստների ամենացածր տոկոսն ունի թոփ-5 առաջնությունների շրջանակում
Համաշխարհային ֆուտբոլը կրկին բախվել է կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած խնդիրներին։
Հատկապես վիճակը ծանր է անգլիական Պրեմիեր լիգայում, որի շրջանակում, սկսած դեկտեմբերի 12-ից, հետաձգվել է արդեն 9 հանդիպում։
Բունդեսլիգայում որոշ ակումբներ իրենց տնային հանդիպումներն անցկացնում են առանց հանդիսականների` կապված Գերմանիայի որևէ քաղաքի կամ երկրամասի իշխանությունների կայացրած որոշումների հետ։
Ա սերիայի շրջանակում այդ ընթացքում հետաձգվել է միայն մեկ հանդիպում։ Դեկտեմբերի 21-ին 19-րդ տուրի շրջանակում պետք է կայանար «Ուդինեզե» – «Սալերնիտանա» հանդիպումը, սակայն հյուրերի ճամբարում կորոնավիրուսի համաճարակ է բռնկվել, ինչից հետևանքով չեն կարողացել Սալերնոյից մեկնել Ուդինե։
Դրան զուգահեռ, այդ ամենի հետ կապված դեռևս որևէ խնդիր չկա Լիգա 1-ում և Լա լիգայում։
Վերջին շրջանում ֆուտբոլային հանրության շրջանակում Covid-19-ով վարակման դեպքերի կտրուկ աճով պայմանավորված` բրիտանացի լրագրող Մելիսա Ռեդին հետաքրքիր բացահայտում է արել և Twitter-ի իր միկրոբլոգում ներկայացրել է, թե ինչպես է ընթանում թոփ-5 առաջնությունները ներկայացնող ակումբների ֆուտբոլիստների պատվաստումային գործընթացը։
Այսպես, անգլիական Պրեմիեր լիգայի ակումբների ֆուտբոլիստների միայն 77%-ն է ստացել պատվաստանյութի երկու չափաբաժինն էլ, իսկ 85-%-ը պատվաստվել է միայն մեկ դեղաչափով։
ԱՊԼ-ի ցուցանիշը եվրոպական թոփ-5 առաջնությունների շրջանակում վատագույնն է։
Ընդ որում, Ռիդին գրում է հետևյալը.
«Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների պատվաստման հետ կապված ո՛չ ակումբները և ո՛չ էլ պաշտոնատար անձինք կոնկրետ տեղեկություն չեն հայտնելու, այլ դրանք 2022 թ. հունվարից սկսած, յուրաքանչյուր ամսվա վերջում հրապարակվելու են»։
Նշենք, որ Ա սերիայում ֆուտբոլիստների 98%-ն ամբողջությամբ պատվաստված է, ինչը եվրոպական թոփ-5 առաջնությունների շրջանակում լավագույն ցուցանիշն է։։
Ա սերիային հաջորդում են Լիգա 1-ը (95%), Բունդեսլիգան (94%) և Լա լիգան (90%)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, ԱՊԼ, Բունդեսլիգա, Լա-լիգա, Լիգա-1, կորոնավիրուս