Պրեմիեր լիգան նոր առաջատար ունի․ Պոգբան Յունայթեդին բարձրացնում է 1-ին հորիզոնական 🎥
Հունվարի 13-ին անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 1-ին տուրից հետաձգված «Բյորնլի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը։ Այս հանդիպումը պետք է կայանար 2020 թվականի սեպտեմբերին, սակայն, քանի որ մանկունյական ակումբն օգոստոսին մասնակցում էր Եվրոպա լիգայի խաղարկությանը և հասավ մինչև կիսաեզրափակիչ, այդ պատճառով Օլե Գունար Սուլշերի թիմը լրացուցիչ հանգստի հնարավորություն ստացավ։
Ինչպես և սպասվում էր, խաղն անցավ «կարմիր սատանաների» առավելությամբ։ Հանդիպման հյուրերը հենց սկզբից էլ տիրեցին նախաձեռնությանը, շատ էին տիրում գնդակին, սակայն խաղում այնքան էլ սրություն չկար։ Ամեն դեպքում, 29-րդ րոպեին «Յունայթեդի» ֆուտբոլիստները բացեցին խաղի հաշիվը․ Լյուկ Շոուի փոխանցումից հետո Հարի Մագուայերն առաջ մղեց իր թիմին, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Կևին Ֆրենդը չեղարկեց գոլը՝ անգլիացի պաշտպանի գործողություններում կանոնների խախտում նկատելով։
Երկրորդ խաղակեսում էլ պատկերը գրեթե նույնն էր, սակայն «Յունայթեդի» ֆուտբոլիստները սկսեցին մեծացնել իրենց ունեցած առավելությունը, ինչն էլ 71-րդ րոպեին, ի վերջո, տվեց տրամաբանական արդյունքը․ Մարկուս Ռեշֆորդի՝ հարձակման աջ եզրից կատարած փոխանցումից հետո Պոլ Պոգբան առանց վարանելու մեկ հպումով գնդակն ուղարկեց «Բյորնլիի» դարպասը՝ բացելով խաղի հաշիվը։
Խաղավարտին մոտ Շոն Դայչը, հասկանալով, որ հնարավոր է մեկ գնդակ հետ բերել, փոփոխություններով փորձեց ակտիվացնել «Բյորնլիի» խաղը։ Տատներերը վերջում սկսեցին լարվածություն մտցնել խաղում, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» դիմացավ՝ պահելով հաղթական հաշիվը։
Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդն» անչափ կարևոր հաղթանակ տարավ 1։0 հաշվով։ Անցկացրած 17 խաղից հետո՝ «կարմիր սատանաները» վաստակեցին 36 միավոր և դարձան առաջնության միանձնյա առաջատարը՝ մոտակա հետապնդող «Լիվերպուլին» գերազանցելով 3 միավոր։ Հատկանշական է, որ «Լիվերն» ու «Յունայթեդը» հաջորդ տուրում «Էնֆիլդում» մրցելու են միմյանց դեմ։ «Բյորնլին» էլ 16 միավորով 16-րդն է։
# ԱՊԼ, Բյորնլի, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ, Պոլ-Պոգբա, Օլե-Գունար-Սուլշեր