Պրեմիեր լիգայի ակումբները ցանկանում են տևական ժամանակով դադարեցնել առաջնությունը
Կորոնավիրուսի համաճարակը շարունակում է լուրջ վնասներ հասցնել համաշխարհային ֆուտբոլին. դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի հանդիպումների ուղիղ կեսը հետաձգվել է։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, այժմ Պրեմիեր լիգայի ակումբները ցանկանում են հասնել նրան, որ առաջնությունը տևական ժամանակով դադարեցվի։
Ակումբները կարծում են, որ եթե ցանկանում են հաղթահարել ստեղծված իրավիճակը, ապա պետք է մինչև ամանոր հետաձգել առաջնության խաղերը։
Պրեմիեր լիգայի ղեկավարությունն էլ հայտնել է, որ վարակման դեպքերի թվի կտրուկ աճը պայմանավորված է կոնորավիրուսի օմիկրոն շտամի տարածման հետ։
Իրադարձությունների զարգացման հավանական տարբերակների թվում է, որ ԱՊԼ-ի ղեկավարությունը կորոշի մինչև հունվարի 8-9-ը դադարեցնել առաջնության հանդիպումները, իսկ այդ օրերին վերսկել անցկացնել պաշտոնական հանդիպումները, քանի որ պետք է տեղի ունենա Անգլիայի գավաթի 3-րդ փուլը։
Եթե, ի վերջո, Պրեմիեր լիգան դադարեցնի առաջնությունը, ապա ստիպված կլինի հետաձգել 4 տուրի հանդիպումներ։ Սպասվում է, որ առաջնությունը կվերսկսվի հունվարի 15-ին։
Հաղորդվում է, որ ներկա պահին Պրեմիեր լիգան մտադիր է հնարավորինս հետևել ընթացիկ մրցաշրջանի օրացույցին, սակայն լիգայի առաջնահերթությունը մնում է բոլոր ակումբների անվտանգությունն ու առողջությունը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից սկսած` Պրեմիեր լիգայի շրջանակում հետաձգվել է արդեն 9 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, կորոնավիրուս