Նեյմար․ «Ես չէի փորձում նրան սադրել․ բախտի բան էր, որ հենց նա էր մոտակայքում»
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում ՊՍԺ -ն սեփական հարկի տակ 0։1 հաշվով զիջեց «Բավարիային», սակայն, դիմակայության առաջին խաղում հյուրընկալվելիս 3։2 հաշվով հաղթելու շնորհիվ, նվաճեց մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր։
Խաղից անմիջապես հետո, երբ հնչեց հանդիպման գլխավոր մրցավար Դանիելե Օրսատոյի եզրափակիչ սուլիչի ձայնը, փարիզյան ակումբի հարձակվող Նեյմարն ու կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը «Բավարիայի» ֆուտբոլիստ Յոզուա Կիմիխի աչքի առաջ անչափ բուռն նշեցին իրենց հաջողությունը։ Այդ դրվագը հայտնվեց շատերի ուշադրության կենտրոնում և խոսակցությունների առիթ դարձավ։
Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսներից մեկի ընթացքում Նեյմարը խոսել է այդ դրվագի մասին՝ նշելով, թե ինչու է այդպես տոնել իր թիմի հաջողությունը․
«Ես նույնիսկ չեմ էլ փորձել նրան սադրել։ Ես, պարզապես, ցանկանում էի տոնել մեր հաջողությունը, իսկ Լեոն ամենամոտն էր կանգնած։ Ես տեսա նրան դիմացս կանգնած և մենք գրկախառնվեցինք։
Ենթադրում եմ, որ բախտի բան էր, որ հենց Կիմիխն էր մոտակայքում կանգնած։ Նա ասում էր, որ իրենց ակումբն ավելի լավն է և կնվաճեն հաջորդ հաջորդ փուլի ուեգիր»,- նշել է 29-ամյա ֆուտբոլիստը, ում խոսքերը մեջբերում է TNT Sports Brasil-ը։
Հիշեցնենք, որ դիմակայության պատասխան խաղից առաջ Յոզուա Կիմիխը «Բավարիայի» պաշտոնական կայքին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել էր, որ իր թիմն ավելի ուժեղ է ՊՍԺ-ից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Լեանդրո Պարեդես, Յոզուա-Կիմիխ, Նեյմար, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ