Լիգա 1-ի հետնապահը շոկի ենթարկեց ՊՍԺ-ին 🎥
Ֆրանսիական Լիգա 1-ի 29-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում վերջին տարիների անփոփոխ չեմպիոն ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցեց հետնապահների թվում ընթացող «Նանտի» դեմ։
Առաջին խաղակեսում Մաուրիսիո Պոչետինոյի սաները տոտալ առավելություն ունեին և որևէ հնարավորություն չէին տալիս մրցակցին ու նախքան ընդմիջման գնալը՝ 42-րդ րոպեին, Յուլիան Դրաքսլերի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։
«Փարիզի» առավելությունն այնքան ակնհայտ էր, որ արտահայտվել է նաև թվերի տեսքով։ Տանտերերը միայն առաջին կեսի ընթացքում գնդակին տիրում էին 78%, կատարեցին 9 հարված, 4-ը՝ դիպուկ, իրացրին 6 անկյունային հարված, ինչպես նաև անցկացրին 27 վտանգավոր գրոհ։
Կողմերն ընդմիջման գնացին 1։0 հաշվի պայմաններում։
Թվում էր՝ փարիզյան ակումբը հերթական հեշտ հաղթանակը կտանի, սակայն հետնապահները բացարձակապես համաձայն չէին զարգացումների այդ սցենարի հետ և անսպասելիորեն սկսեցին բեկել հանդիպման ընթացքը։
59-րդ րոպեին ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն անհասկանալի սխալ հետ փոխանցում կատարեց, ինչից հետո «Նանտի» կենտրոնական հարձակվող Ռանդալ Կոլո-Մաունին հայտնվեց հարվածային դիրքում և հավասարեցրեց խաղի հաշիվը։
Շատ չանցած՝ 71-րդ րոպեին, փարիզյան ակումբի պաշտպանությունը ևս մեկ անգամ քանդվեց։ «Նանտի» դարպասապահ Ալբան Լաֆոնտը գնդակն ուժեղ հարվածով մտցրեց խաղի մեջ։ Գնդակը ճանապարհին որևէ մեկին չդիպկավ և Կոլո Մաունին հյուրերի մյուս հարձակվող Մոզես Սիմոնի հետ մեն-մենակ մնաց Կեյլոր Նավասի դիմաց։ Կոլո-Մաունին դատարկ դարպասի դիմաց դուրս բերեց Սիմոնին, ով էլ հաշիվը դարձրեց 1։2։
Երկրորդ խաղակեսում Պոչետինոյի տղաների խաղն ընդհանրապես չէր ստացվում, ովքեր չկարողացան փրկել այս հանդիպումը՝ պարտվելով 1։2 հաշվով։
Այսպիսով, «Պարի Սեն-Ժերմենը» Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում կրեց 7-րդ պատրությունը։
Ակումբը մնաց 60 միավորով և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ ձեռքից բաց թողնելով միավորների քանակով առաջնության առաջատար «Լիլին» հավասարվելու հնարավորությունը, որի ակտիվում կա 63 միավոր։
«Նանտը» վաստակեց 27 միավոր, շրջանցեց «Նիմին» և բարձրացավ 18-րդ հորիզոնական։
Հավելենք, որ ըստ Լիգա 1-ի կանոնակարգի, առաջնության ավարտին 18-րդ հորիզոնականը զբաղեցծած ակումբն անցումային հանդիպումներ է անցկացնում Լիգա 2-ի շրջանակում 3-րդ հորիզոնականը զբաղեցրած ակումբի դեմ՝ անցկացնելով երկու հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալբան Լաֆոնտ, Լիգա-1, Մոզես Սիմոն, Յուլիան Դրաքսլեր, Նանտ, ՊՍԺ, Ռանդալ Կոլո-Մաունի