ՊՍԺ-ն պատրաստ է աստղաբաշխական աշխատավարձ առաջարկել Մբապեին, որպեսզի նա չտեղափոխվի Ռեալ
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Պարի Սեն-Ժերմենը» պլանավորում է նոր պայմանագիր առաջարկել Կիլիան Մբապեին։
Ֆրանսիական ակումբը 21-ամյա խաղացողին պատրաստ է առաջարկել 50 մլն եվրո աշխատավարձ, որպեսզի կանխի խաղացողի «Ռեալ» տեղափոխությունը։ Եթե ֆրանսիացի հարձակվողը ստորագրի այդ պայմանագիրը, ապա գրեթե կվաստակի այնքան, որքան Լեո Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն։
«ՊՍԺ-ն իր խաղացողին չի պատրաստվում բաց թողնել մինչև Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունը։ Սա մարտավարական քայլ է»,- գրել է AS-ը։
Ներկա պահին Մբապեն նշված գումարից բավականին քիչ է վաստակում։ Ըստ L’Equipe-ի անցկացրած հետազոտության՝ ֆրանսիացի խաղացողը տարեկան վաստակում է 15 մլն եվրո։ ՊՍԺ-ի և Մբապեի միջև պայմանագիրը լրանում է 2022 թվականին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է Մբապեին ձեռք բերել 2021 թվականի ամռանը, երբ խաղացողի պայմանագրի ավարտին մնացած կլինի մեկ տարի։ Այդ նույն սկզբունքով «արքայական» ակումբը նախորդ ամռանը «Չելսիից» ձեռք բերեց Էդեն Ազարին։
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա խաղացողը Լիգա 1-ի շրջանակում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
# Կիլիան-Մբապե, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ