ՊՍԺ-ն չի վճարել Մբապեի աշխատավարձի մի մասը
ՊՍԺ-ն չի վճարել ակումբի հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձի ու հավելավճարների մի մասը։
L’Equipe-ը գրում է, որ նախորդ ամռանը ֆրանսիացի հարձակվողը հրաժարվել է պայմանագրով նախատեսված, այսպես կոչված, «հավատարմության» 80 մլն եվրո հավելավճարից։ Այդ կերպ նա փորձել է կոմպենսացնել ֆինանսական այն վնասը, որը կրելու է ՊՍԺ-ն իր հեռանալուց հետո։ Դրա շնորհիվ Մբապեին կրկին թույլ տվեցին հանդես գալ փարիզյան ակումբի հիմնական թիմում, որտեղից հեռացվել էր նախագահ Նասեր Ալ Խելայֆիի որոշմամբ։
Աղբյուրի փոխանցմամբ` «Պարի Սեն-Ժերմենը», ամեն դեպքում, այս տարվա փետրվարին վճարել է Մբապեին այդ գումարն` անմիջապես այն բանից հետո, երբ վերջինս ակումբի ղեկավարությանը հայտնել է հեռանալու որոշման մասին։
Ալ Խելայֆին իր այդ որոշումը բացատրում է հետևյալ կերպ. ֆունկցիոները ցանկանում է Մբապեի հեռանալու համար գումար վաստակել Մադրիդի «Ռեալից», այլ ոչ թե անձամբ ֆուտբոլիստից։ «Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, իր հերթին, չի պատրաստվում ազատ գործակալ դառնող հարձակվողի համար ՊՍԺ-ին վճարել գեթ մեկ լումա։ Դա դուր չի եկել Ալ Խելայֆիին, որը խորապես հակակրանք ունի Պերեսի նկտմամբ։
Հասկանալով, որ դժվար կլինի տրանսֆերի համար «Ռեալից» գումար ստանալ` ՊՍԺ-ն չի վճարել Մբապեի փետրվարի հավելավճարների մի մասը և ապրիլի ամբոջ աշխատավարձը։ Դրա շնորհիվ փարիզցիները խնայել են մոտ 80 մլն եվրո գումար` այնքան, որքան Մբապեին վճարել էին` ըստ սահմանված «հավատարմության» կետի։
Նշվում է, որ ՊՍԺ-ն այժմ կրկին փորձում է հավելյալ գումար հետ ստանալ Մբապեից, սակայն կողմերի միջև գրեթե բանակցություններ չեն ընթանում։
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն այս տարվա հունիսի 30-ից հետո դառնալու է ազատ գործակալ և հեռանալու է ՊՍԺ-ից։ 25-ամյա ֆուտբոլիստը փարիզյան ակումբում խաղում էր 2017 թ. օգոստոսից` 308 խաղում դառնալով 256 գոլի ու 108 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը, ամենայն հավանականությամբ, կարիերան շարունակելու է «Ռեալի» կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կիլիան-Մբապե, Նասեր Ալ-Հելայֆի, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆլորենտինո Պերես