ՊՍԺ-ն ու Տոտենհեմը բանակցում են հավանական տրանսֆերի հարցում
«Տոտենհեմի» կիսապաշտպան Տանգույ Նդոմբելեն, հնարավոր է, կարիերան շարունակի ՊՍԺ-ի կազմում։
Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, փարիզյան ակումբը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը ցանկանում է վարձակալել Նդոմբելեին։
Ներկա պահին կողմերի միջև բանակցություններ են ընթանում։ Գործարքը մի փոքր ձգձգվում է, քանի որ «խցանները» ցանկանում է, որ «Փարիզն» ամբողջությամբ վճարի 25-ամյա կիսապաշտպանի աշխատավարձը, որը կազմում է շաբաթական 200 հազ. ֆունտ։
Սպասվում է, որ եթե կողմերը հասնեն վերջնական համաձայնության, ապա վարձակալական պայմանագրի ավարտին «Պարի Սեն-Ժերմենը» կունենա նաև Նդոմբելեի տրանսֆերն ամբողջությամբ գնելու իրավունք։
Ռոմանոն հաստատում է, որ կողմերի միջև բանակցություններն առաջիկա ժամերին ու օրերին կշարունակվեն։
The Athletic-ի տեղեկություններով, Նդոմբելեին ՊՍԺ-ի շարքերում է ցանկանում տեսնել անձամբ Մաուրիսիո Պոչետինոն, ում նախաձեռնությամբ էլ ֆրանսիացի կիսապաշտպանը 2019 թ. 60 մլն եվրոյի դիմաց «Լիոնից» տեղափոխվեց «Տոտենհեմ», սակայն ոչ մի կերպ չի կարողանում ամրապնդվել լոնդոնյան ակումբի մեկնարկային կազմում։
Հատկանշական է, որ Տանգույ Նդոմբելեի իրավիճակը ներկա պահին ավելի է բարդացել. նա հիմնական թիմից առանձին է մարզվում ու արդեն երկու անընդմեջ հանդիպման շրջանակում նույնիսկ չի հայտնվել «Տոտենհեմի» հայտացուցակում, այդ պատճառով էլ ֆրանսիացի ֆուտբոլիստը ցանկանում է օր առաջ փոխել ակումբային գրանցումը։
Նշվում է, որ ՊՍԺ-ի մարզչական շտաբն էլ կարծում է, որ թիմի կիսապաշտպանության գծում համալրում է անհրաժեշտ, քանի Ժորժինիո Վեյնալդումը խաղային խնդիրներ ունի փարիզյան ակումբի շարքերը համալրելուց հետո։
Հաղորդվում է, որ «Տոտենհեմն» առաջարկել է Նդոմբելեին փոխանակել ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսի հետ, սակայն արգենտինացի ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխվել լոնդոնյան ակումբը։
Հիշեցնենք, որ Տանգույ Նդոմբելեն «Տոտենհեմ» տեղափոխվել է 2019 թ. հուլիսին և մինչ այժմ լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 91 հանդիպում` դառնալով 10 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ՊՍԺ, Տանգի-Նդոմբելե, Տոտենհեմ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո