ՊՍԺ-ն Մբապեի պատճառով կարող է պատժամիջոցներ ստանալ ՈՒԵՖԱ-ից
ՈՒԵՖԱ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել ՊՍԺ-ի դեմ ակումբի նախկին հարձակվող Կիլիան Մբապեի հանդեպ ունեցած ֆինսական պարտավորությունների չկատարման պատճառով, հայտնում է L’Equipe-ը։
2024 թ. սեպտեմբերին Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան (LFP) փարիզյան ակումբին պարտադրել է Մբապեին վճարել պայմանագրով նախատեսված 55 միլիոն եվրո աշխատավարձն ու հավելավճարը։
Ավելի ուշ ֆրանսիացի ֆուտբոլիստը դիմել էր LFP-ի կարգապահական կոմիտե և նշել էր, որ «Պարի Սեն-Ժերմենը» չի կատարել ֆինասական պարտավորությունները, սակայն բողոքը մերժվել էր, քանի որ ակումբը Փարիզի դատարաններից մեկում հայց էր ներկայացրել LFP-ի դեմ։
Դեկտեմբերի 20-ին Մբապեի փաստաբանները հայց են ներկայացրել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի բարձրագույն բողոքարկման հանձնաժողով՝ պահանջելով պատժամիջոցներ կիրառել ՊՍԺ-ի դեմ։ Ներկա պահին լսումների ժամկետները դեռ որոշված չեն։
Բացի այդ, ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել ՈՒԵՖԱ-ի կողմից` «Ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության մասին» կանոնակարգի հնարավոր խախտման պատճառով:
Համաձայն ՈՒԵՖԱ-ի կանոնադրության՝ եվրոպական մրցաշարերին մասնակցող ակումբները հուլիսի 15-ի, հոկտեմբերի 15-ի և հունվարի 15-ի դրությամբ չպետք է պարտքեր ունենան աշխատակիցներին համապատասխանաբար հունիսի 30-ից, սեպտեմբերի 30-ից և դեկտեմբերի 31-ից ոչ ուշ, ուստի ՊՍԺ-ն պարտավոր է պարտքերի բացակայության մասին տեղեկանք տրամադրի մինչեւ հունվարի 15-ը։
Մբապեի ներկայացուցիչները հույս ունեն, որ ՈՒԵՖԱ-ն ճնշում կգործադրի ՊՍԺ-ի վրա՝ ստիպելով ակումբին համաձայնության գալ ֆուտբոլիստի հետ և մարել պարտքը: Փարիզյան ակումբն, իր հերթին, վստահ է, որ կկարողանա ՈՒԵՖԱ-ին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթերը նշված ժամկետներում։
Հիշեցնենք, որ 26-ամյա Մբապեն Ֆրանսիայի բազմակի չեմպիոնի կազմում հանդես է եկել 2017-2024 թթ., 308 խաղում խփել 256 գոլ, կատարել 106 ասիստ։ Հարձակվողը 2024 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Կիլիան-Մբապե, ՈւԵՖԱ, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ