ՊՍԺ-ն կրկին հետաքրքրություն է ցուցաբերում Ռոնալդուի նկատմամբ
Ինչպես տեղեկացնում է Le Parisien-ը, ՊՍԺ-ն կրկին սկսել է հետաքրքրություն ցուցաբերել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ այն պատճառով, որ դեռևս հայտնի չէ՝ արդյո՞ք փարիզյան ակումբը կերկարաձգի պայմանագիրը Կիլիան Մբապեի հետ, թե՞՝ ոչ։
Փարիզյան ակումբում հետաքրքրությամբ հետևում են 36-ամյա ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրադարձություններին, քանզի տեղեկություն կա, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլից «Յուվենտուսի» դուրս մնալուց հետո պորտուգալացին մտածում է թուրինյան ակումբից հեռանալու մասին։
Հաղորդվում է, որ Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը մշտպես կապի մեջ է ֆրանսիական ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելայֆիի հետ։
Այնուամենայնիվ, ամեն ինչ կապված է Մբապեի որոշումից։ Իրադարձությունների նման զարգացումն իրատեսական է միայն այն դեպքում, եթե ֆրանսիացին հրաժարվի երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։ Կողմերի միջև պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին, սակայն 22-ամյա ֆուտբոլիստը դեռևս չի շտապում վերջնական որոշում կայացնել։
Եթե Մբապեն որոշի հեռանալ ակումբից, ապա ՊՍԺ-ն կփորձի պայմանագիր կնքել կա՛մ «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսիի հետ, կա՛մ՝ Կրիշտիանու Ռոնալդուի։
Մեսսիի պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, իսկ Ռոնալդուինը «Յուվեի» հետ՝ ևս մեկ տարի անց։
Ընթացիկ մրցաշրջանում «Յուվենտուսի» կազմում բոլոր խաղերի հաշվարկով Ռոնալդուն մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 27 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժորժե Մենդեշ, Լեո Մեսսի, Կիլիան-Մբապե, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Նասեր Ալ-Հելայֆի, ՊՍԺ