ՊՍԺ-ն խոշոր առաջարկ է կատարել Այնտրախտին
«Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին, հնարավոր է, տեղափոխվի ՊՍԺ։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports Deutachland-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, փարիզյան ակումբը 24-ամյա հարձակվողի տրանսֆերի դիմաց «արծիվներին» առաջարկել է 70+10 մլն եվրո։
Եթե Մայնի Ֆրանկֆուրտը ներկայացնող ակումբն ընդունի առաջարկը, կողմերը կփորձեն գործարքն ավարտին հասցնել 2 օրում։
Ակնկալվում է, որ «Այնտրախտը», որպես Կոլո Մուանիի փոխարինող, կփորձի ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Յուգո Էկիտիկեին, սակայն դա լինելու է առանձին գործարք. կողմերը փոխանակում չեն իրականացնելու։
Նշվում է, որ ՊՍԺ-ն պատրաստ է նվազեցնել Էկիտիկեի տրանսֆերային արժեքը։
Ինչ վերաբերում է Կոլո Մուանիին, ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Պարի Սեն-Ժերմենը» մինչև 2028 թ. հունիսի 30-ն անձնական պայմանագիր է համաձայնեցրել ֆրանսիացի հարձակվողի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` կողմերը դրական են տրամադրված և վստահ են, որ գործարքն առաջիկա ժամերի ընթացքում ավարտին կհասցնեն։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ հաստատում է, որ Կոլո Մուանին նոր ակումբի կազմում վաստակելու է տարեկան 7 մլն եվրո աշխատավարձ։
Հավելենք, որ եթե այս գործարքը կայանա, այն դառնալու է «Այնտրախտի» պատմության ամենաթանկարժեք վաճառքը և կգերազանցի Լուկա Յովիչի ռեկորդը, ում դիմաց «Ռեալ Մադրիդը» 2019 թ. ամռանն «արծիվներին» վճարել է 63 մլն եվրո։
Ավելացնենք, որ Ռանդալ Կոլո Մուանին «Այնտրախտի» կազմում հանդես է գալիս 2022 թ. հուլիսից` անցկացրած 50 խաղում դառնալով 26 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այնտրախտ, Յուգո Էկիտիկե, ՊՍԺ, Ռանդալ Կոլո-Մուանի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո