ՊՍԺ-ն բանակցություններ է վարում Ինտերի հետ՝ փորձելով ձեռք բերել վերջինիս առաջատարներից մեկին
ՊՍԺ-ի աջ պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին , ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռոմային», մրցաշրջանի ավարտից հետո վերադառնալու է հռոմեական ակումբ։
Այդ ամենը հասկանալով՝ փարիզյան ակումբը փորձում է այդ դիրքի համար նոր թոփ ֆուտբոլիստ ձեռք բերել։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Պարի Սեն-Ժերմենի» ղեկավարներն ակտիվորեն հետաքրքրված են «Ինտերի» լատերալ Աշրաֆ Հակիմիի ծառայություններով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերն արդեն բանակցություններ են վարում, սակայն դեռևս որևէ համաձայնության չեն հասել։ Նշվում է, որ միլանյան ակումբը մարոկկացի ֆուտբոլիստի դիմաց ցանկանում է նվազագույնը ստանալ 60 մլն եվրո։
Մեկ այլ լրագրող Նիկոլո Սկիրան էլ գրում է, որ փարիզեցիները երիտասարդ ֆուտբոլիստին առաջարկել են 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 8 մլն եվրո աշխատավարձով։
Ըստ AS-ի ունեցած տեղեկությունների՝ ՊՍԺ-ն կողմ է նաև փոխանակման տարբերակին։ Այսինքն, «Ինտերը» ստանում է Լեանդրո Պարեդեսին + 30 մլն եվրո, իսկ Աշրաֆ Հակիմին տեղափոխվում է Փարիզ։
Խոսակցություններ էլ կան, որ Հակիմին արդեն համաձայնել է համալրել փարիզյան ակումբի շարքերը, քանի որ նրան դուր է եկել ՊՍԺ-ի սպորտային ծրագիրը։ Այդ մասին հայտնում է RMCsport-ի լրագրող Մոհամեդ Բուհամսին։
Հատկանշական է, որ խաղի մեջ կարող է մտնել նաև Հակիմիի նախկին ակումբը՝ «Ռեալ Մադրիդը»։ Բանն այն է, որ երբ 22-ամյա պաշտպանն «արքայական» ակումբից տեղափոխվում էր «Ինտեր», «Ռեալի» ղեկավարությանը հաջողվել է Հակիմիի պայմանագրում ներառել մի կետ, ըստ որի, մադրիդյան ակումբը խաղացողին 45 մլն եվրոյով հետ գնելու անմիջական իրավունք է ունենալու։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աշրաֆ Հակիմի, Ինտեր, Լեանդրո Պարեդես, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ