Պոչետինո. «Բենզեման կանոնների խախտում էր թույլ տվել Դոնարումայի նկատմամբ»
ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարծում է, որ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության 1/8 եզրափակիչում փարիզյան ակումբը, մի շարք հանգամանքներից ելնելով, կարող էր ընդհանուր դիմակայությունում հաղթել «Ռեալ Մադրիդին».
– «Սանտիագո Բերնաբեուում» «Ռեալի» դեմ կայացած հանդիպման (1:3) վերջին երեսուն րոպեների մասին շատ էր խոսվում, և այժմ ՊՍԺ-ն քննարկում է հոգեբան հրավիրելու հնարավորությունը։ Խորխե Վալդանոն վերջերս ասաց, որ այդ երեսուն րոպեները ֆուտբոլ չէին, այլ ինչ-որ այլ մակարդակի մի բան` ավելի մոտ հոգեբանական, բեմական վախի:
– Այդ տեսանկյունից հոգեբան անհրաժեշտ են «Չելսիին», «Մանչեսթեր Սիթիին» և «Լիվերպուլին» ու այն բոլոր ակումբներին, որոնք Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունում խաղացել են «Ռեալի» դեմ։
Ըստ իս` ֆուտբոլում հաճախ այնպիսի հանգամանքներ են տեղի ունենում, որոնք պարզապես լինում են և չես կարող կառավարել դրանք։
Կարծում եմ` «Ռեալի» առաջին գոլի ժամանակ Կարիմ Բենզեման կանոնների խախտում էր թույլ տվեց Դոնարումայի նկատմամբ, և եթե մրցավարն օգտվեր VAR համակարգից ու դիտեր դրվագի տեսակրկնապատկերը, մենք այժմ կխոսեինք ինչ-որ այլ բանի, օրինակ, «Ռեալի»` պայքարից դուրս մնալու մասին։
Այդուհանդերձ, դա մի ազդակ էր, որը մրցակցին էներգիա և մոտիվիացիա տվեց։ Տրամաբանական է, որ մենք ինչ-որ տեղ սխալվել ենք, բայց սա ֆուտբոլ է, և չպետք է դուրս գանք ֆուտբոլային վերլուծությունից,- նշել է արգենտինացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Infobae-ն։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության 1/8 եզրափակիչում «արքայական» ակումբը պայքարից դուրս թողեց ՊՍԺ-ին` հաղթելով ընդհանուր 3:2 հաշվով։
Դիմակայության պատասխան խաղում փարիզյան ակումբը մինչև 61-րդ րոպեն հաղթում էր 1:0, սակայն «սերուցքայինները» կարողացան բեկել հանդիպման ընթացքը` հաղթելով 3:1 հաշվով։ Այդ խաղում «Ռեալի» կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կարիմ-Բենզեմա, Մաուրիսիո-Պոչետինո, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ջանլուիջի Դոնարումա, Ռեալ Մադրիդ