Պյանիչը հեռանում է Բարսելոնայից` տեղափոխվելով թուրքական ակումբ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կատալոնական ակումբն ընդունել է «Բեշիկթաշի» առաջարկը. թուրքական ակումբը մեկ տարով վարձակալելու է բոսնիացի կիսապաշտպանին։
Ներկա պահին երկու ակումբները հստակեցնում են փաստաթղթային հարցերը, ինչից հետո կողմերը պաշտոնապես կհայտարարեն գործարքի մասին։
Աղբյուրի փոխանցմամբ` 31-ամյա ֆուտբոլիստը նույնպես համաձայնել է տեղափոխվել «Բեշիկթաշ», քանի որ չի ցանկանում զրկված մնալ խաղային պրակտիկայից։
Հատկանշական է, որ Պյանիչն արդեն մեկնել է Ստամբուլ, որպեսզի ավարտին հասցնի իր տեղափոխությունը։
Հավելենք, որ Թուրքիայում տրանսֆերային պատուհանը բաց է մինչև սեպտեմբերի 8-ը, այդ իսկ պատճառով ակումբները կարող են գրանցել նոր ֆուտբոլիստներ։
Հիշեցնենք, որ բոսնիացի կիսապաշտպանը «Բարսելոնայի» շարքերը համալրել է 2020 թ. սեպտեմբերին, որի կազմում անցկացրել է 30 հանդիպում` աչքի չընկնելով որևէ արդյունավետ գործողությամբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բեշիկթաշ, Միրալեմ Պյանիչ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո