Պետրակով. «Ֆեդերացիայի նախագահն առաջադրանք է դրել իմ առջև փորձել դուրս գալ Եվրո-2024-ի եզրափակիչ փուլ»

Պետրակով. «Ֆեդերացիայի նախագահն առաջադրանք է դրել իմ առջև փորձել դուրս գալ Եվրո-2024-ի եզրափակիչ փուլ»

17/03/2023 - 15:54

Այսօր՝ մարտի 17-ին, ՀՖՖ մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի մամուլի ասուլիսը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությաւնը:

Ուկրաինայի երիտասարդական հավաքականը ձեր գլխավորությամբ 2019 թ. դարձավ աշխարհի չեմպիոն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Ձեր առջև ի՞նչ խնդիր է դրել: Եվրո-2024-ի որակավորման փուլի ժամանակ Հայաստանի հավաքականի ինչպիսի՞ արդյունքը կբավարարի Ձեզ և Ֆեդերացիային:

– 2019 թվականն արդեն անցյալում է: Ես հիմնականում անցյալով չեմ ապրում, ապրում եմ ներկայով: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն առաջադրանք է դրել իմ առջև փորձել դուրս գալ Եվրո-2024-ի եզրափակիչ փուլ:

– Առաջիկա խաղերը բավական կարևոր են: Ի՞նչ եք անելու ֆուտբոլիստներին, որպեսզի նրանք հեռու մնան քաղաքականությունից և դաշտում պարզապես ֆուտբոլային պայքար լինի:

– Ես նույնպես կողմնակից չեմ, որպեսզի քաղաքականացվի առաջիկա հանդիպումը: Կարծում եմ՝ բոլորն էլ փորձառու ֆուտբոլիստներ են, նրանցից շատերը գալիս են արտերկրից: Ընդ որում, արտերկրում են հայտնվել ոչ իրենց կամքով: Նրանք գիտեն իրենց պատմությունը, ես էլ գիտեմ ձեր պատմությունը: Եվս մեկ անգամ շեշտեմ, որ առաջնայնությունն առաջիկա խաղում ինձ համար լինելու է սպորտն ու ֆուտբոլը:

Ձեր գլխավորությամբ հավաքականում մի շարք նորեկներ կան, ովքեր մինչ այս չէին հրավիրվել: Դուք, հավանաբար, նրանց խաղն արդեն տեսել եք տարբեր տեսահոլովակներով և տպավորություններ ունեք նրանցից: Ի՞նչ կարող են նրանք տալ մեր հավաքականին:

– Ես արդեն երկու ամիս է այստեղ եմ և նաև ուղևորվել եմ այն տեղերը, որտեղ հավաքականի ֆուտբոլիստները մարզական հավաքներ էին անցկացնում: Ծանոթացել եմ նրանցից շատերի հետ: Կարող եմ ասել, որ բոլորն էլ շատ հաճելի անձնավորություններ են, շատ լավ մարդիկ և ֆուտբոլիստներ: Մենք տարբեր լեզուներով խոսացող ֆուտբոլիստներ ունենք, որոնց հետ շփվել եմ թարգմանչի միջոցով: Կա ֆուտբոլիստ՝ Սարգիս Ադամյանը, ով միայն հայերեն է խոսում, ռուսերեն չի խոսում:

Կարող եմ ասել՝ տեսահոլովակների կամ զանգերի միջոցով դժվար է, առհասարակ, պատկերացում կազմել ֆուտբոլիստների մասին, այդ պատճառով էլ ես բոլոր լեգեոներներին հրավիրել եմ, որպեսզի տեղում ծանոթանամ նրանց որակներին: Ինձ համար առայժմ դժվար է ասել՝ ինչ նորություն կարող են նրանք բերել իրենց հետ, բայց ես շատ հուսով եմ, որ նրանք կարող են ինչ-որ նորություն տալ հավաքականին, իսկ ընդհանրապես, կարծում եմ, որ մարզիչն ընտրության հարցում երբեմն-երբեմն սխալվելու իրավունք ունի:

Ովքե՞ն են խմբի ֆավորիտները և ինչպե՞ս եք տեսնում խումբը:

– Կարծում եմ՝ թույլ ենթախմբեր չեն լինում: Ֆավորիտը, միանշանակ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականն է, բայց այստեղ կան նաև այլ ուժեղ հավաքականներ, օրինակ, Ուելսը, որի դեմ, որպես Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ, մրցել եմ և պարտվել:

Պակաս կարևոր չէ նաև, որ ինչ-որ տեղ, հենց առաջին իսկ խաղից սկսած մեր բախտը բերի: Դա, երբեմն, սպորտում շատ կարևոր և առաջնային պլան է դուրս գալիս:

Արդյո՞ք փորձել եք զրուցել Հենրիպ Մխիթարյանի հետ: Արդյո՞ք նրան ինչ-որ տեղ տեսնում եք հավաքականում և ի՞նչ պատասխան եք ստացել նրանից, եթե զրուցել եք հետը:

– Առաջին իսկ օրվանից, ինչ ժամանել եմ Հայաստան, փորձել եմ անձամբ կապ հաստատել Հենրիխ Մխիթարյանի հետ: Սկզբում չստացվեց, սակայն, այնուհետև, ճիշտն ասած, նրա մասին հետաքրքրվեցի «Շատխյորում» իր նախկին խաղընկերներից Պյատովից և Ստեպանենկոյից: Այնուհետև, տարբեր աղբյուրներից ինձ փոխանցեցին, որ Հենրիխը չի ուզում վերանայել իր որոշումը և հավատարիմ է մնալու դրան:

Ես խնդրեցի իմ օգնականին՝ Ռոման Բերեզովսկուն կապվել նրա հետ և փորձել հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունի, սակայն Մխիթարյանը նրան ևս ասաց, որ կայացրել է իր որոշումը ու չի պատրասվում փոխել այն: Կարծում եմ՝ բոլորս պետք է հարգենք Հենրիխի որոշումը, որովհետև նա Հայաստանի հավաքականի համար եզակի ֆուտբոլիստ է, շատ բարեխիղճ: Ես անձամբ չեմ ճանաչում նրան, բայց, բոլոր մարդկանց կարծիքները հաշվի առնելով, լսել եմ, որ շատ լավ մարդ է և շատ լավ ֆուտբոլիստ:

Գիտենք, որ այսօր խնդրահարույց է դարպասապահի դիրքը: Արդեն որոշե՞լ եք, թե առաջիկա խաղերին ո՞վ է պաշտպանելու Հայաստանի հավաքականի դարպասը:

– Ո՛չ: Դեռևս չեմ որոշել: Կհետևեմ մարզումներին: Բնականաբար, այդ հարցում կխորհրդակցեմ Ռոման Բերեզովսկու հետ, բայց վերջնական որոշումը կայացնում է գլխավոր մարզիչը:

Խաղային և մենթալիտետի տեսանկյունից ի՞նչ համեմատություններ կանցկացնեք հայ և ուկրաինացի ֆուտբոլիստների միջև: Խաղային ո՞ր դիրքի ընտրությունն էր ամենաբարդը:

– Հայ և ուկրաինացի ֆուտբոլիստների միջև, առայժմ, չեմ կարող և չեմ ուզում համեմատականներ անցկացնել, որովհետև դեռևս ոչ մի մարզում չեմ ղեկավարել Հայաստանի հավաքականում:

Ինչ վերաբերում է խնդրահարույց դիրքին, բնականաբար, առաջինը, դա պաշտպանությունն է, հատկապես, կենտրոնական պաշտպանների հարցն է: Ես ցանկանում էի հրավիրել Արման Ղազարյանին և Ստյոպա Մկրտչյանին, ովքեր լավ տպավորություն էին թողել միջմրցաշրջանային հավաքների ընթացքում, բայց երկուսն էլ վնասվածքներ ստացան: Ցավոք սրտի, հաշվի առնելով, որ նրանք գալու են և միայն մարզվեն հավաքականի կազմում, այլ ոչ թե պատրաստ լինեն խաղերին՝ որոշեցի հրավիրել այլ ֆուտբոլիստների:

Ինչ վերաբերում է այլ դիրքերին, չեմ թաքցնի, որ դարպասապահի դիրքը, որ նույնպես խնդրահարույց է: Կփորձենք հետևել Արման Ներսեսյանին, թե ինչպես է նա առաջադիմում և կփորձենք լուծել այս հարցը:

Ո՞ր ակումբն է ամենաշատն օգուտ տալիս հայկական ֆուտբոլին:

– Ներկա պահին «Ուրարտուն», քանի որ նրանք առաջնության առաջատարն են և ամենաշատն են խաղաժամանակ տրամադրում հայ ֆուտբոլիստներին:

Այժմ դուք գլխավորել եք այն հավաքականը, որին հաղթել եք երկու անգամ: Սա Ձեզ համար, հավանաբար, լուրջ մարտահրավեր է: Ձեզ համար սա ավելի լուրջ մարտահրավե՞ր է, թե՞՝ ոչ:

– Ինչպես արդեն ասացի, ես անցյալով չեմ ապրում: Օրն ացնավ, ես միանգամից շրջում եմ այդ էջն ու մոռանում դրա մասին:

Տպավորություն կա, որ հավաքականում նախկինում սխալ են օգտագործվել Սարգիս Ադամյանի և Նորբերտո Բրիասկո Բալեկյանի խաղային որակները: Արդյո՞ք հետևել եք հավաքականում նրանց նախորդ ելույթներին, թե ինչպես են մարզիչները նրանց օգտագործել: Հետևե՞լ եք նրանց ակումբային խաղերին, ինչ-որ տարբերություններ տեսե՞լ եք այդ հարցում, թե՞՝ ոչ: Ինչպե՞ս եք պատրաստվում օգտագործել այդ ֆուտբոլիստներին:

– Ես երբեք իմ գործընկերներին չեմ քննարկում: Ճիշտ, թե սխալ են օգտագործել նրանց նախորդ մարզիչները, կհասկանամ միայն մարզումների ընթացքում, իսկ թե որ դիրքերում եմ պատրաստվում նրանց խաղացնել, ձեր թույլտվությամբ, առայժմ, խաղաքարտերը չեմ բացի:

Որքանո՞վ է այս հավաքականը մրցունակ՝ խմբային փուլը հաղթահարելու համար, որովհետև դուք նաև նման առաջադրանք ունեք:

– Առայժմ այս հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ, ինչպես արդեն նշեցի, թիմին դեռևս լավ չեմ ճանաչում: Խոսքը ֆուտբոլիստների, նրանց անհատական, մարդկային որակների մասին է: Ասացվածքն ասում է, որ մարդուն պետք է ճանաչել ներսից: Երբ հավաքի ընթացքում կծանոթանամ ֆուտբոլիստների հետ, այդ ժամանակ էլ կկարողանամ նորմալ և ճիշտ պատասխան տալ այս հարցին։

Հավելենք, որ մամուլի ասուլիսի սկզբում Ալեքսանդր Պետրակովը հրապարակեց նաև Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 25-ին պայքարը կսկսի Եվրո-2024-ի որակավորման փուլում և D խմբի առաջին տուրում կմրցի Թուրքիայի դեմ, իսկ մարտի 28-ին ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի հետ:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023