Պետրակով. «Ամեն ինչ ցույց կտա վաղվա հանդիպումը»
Այսօր` մարտի 24-ին, ՀՖՖ մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի մամուլի ասուլիսը։
– Ինչպե՞ս եք գնահատում խմբից դուրս գալու մեր շանսերը, ի՞նչ մարզավիճակում են գտնվում մեր ֆուտբոլիստները:
– Ընտրական փուլը նոր է սկսվում, այդ պատճառով բոլորի շանսերը հավասար են: Ֆուտբոլիստների վիճակը նորմալ է: Արդեն կարողացել ենք բոլորին բերել լավ վիճակի: Վաղվա խաղում արդեն կտեսնենք, թե ինչքանով է դա մեզ մոտ ստացվել:
– Նախորդ մամուլի ասուլիսի ընթացքում նշեցիք, որ ավելի լավ պատկերացում և կարծիք կազմելու համար Ձեզ պետք կլինի առնվազն մեկ հավաք անցկացնել Հայաստանի հավաքականում: Կարող ենք ասել, որ այդ հավաքն արդեն կայացավ: Ձեր առաջին տպավորությունները թիմի հնարավորությունների մասին:
– Ինչպես արդեն ասացի, թիմում վիճակը բավականին նորմալ է: Գրեթե բոլորի հետ առանձնազրույցներ եմ ունեցել, այդ զրույցների վրա ծախսել եմ մոտ 6 ժամ: Դա իմ աշխատելաոճն է՝ փորձել բոլորի հետ ծանոթանալ առանձին-առանձին, հասկանալ ինչպիսի մարդ են, ինչ ընտանիքից են, ինչպիսի մարդկային և անհատական որակներ ունեն: Կարող եմ ասել, որ բոլորի հետ արդեն շատ լավ ծանոթացել եմ և հավաքի ընթացքից ընդհանուր առմամբ շատ գոհ եմ:
– Երկար տարիներ թիմի ընդգծված առաջատարը Հենրիխ Մխիթարյանն էր: Արդյո՞ք հիմա կարծում եք, որ Էդուարդ Սպերցյանը կարող է ստանձնել այդ առաջատարի դերը: Ասացիք, որ խոսել եք տարբեր ֆուտբոլիստների հետ, ի՞նչ տպավորություն եք ստացել Նաիր Տիկնիզյանի հետ զրույցից:
– Առաջին հերթին, չեմ ցանկանում, որ աղավաղվեն իմ խոսքերը: Նրանք հայ ֆուտբոլիստներ են, դրա համար էլ այստեղ են: Ինչ վերաբերում է Սպերցյանին, ապա այո, Հենրիխ Մխիթարյանը երկար տարիներ եղել է թիմի առաջատարը, բայց իմ սկզբունքներն այնպիսին չեն, որպեսզի թիմի խաղը կառուցեմ մեկ ֆուտբոլիստի շուրջ: Եթե նա կարողանա առաջատարի որակներ դրսևորել, շատ ավելի լավ, բայց ես կցանկանայի, որ այդ առաջատարների քանակը լիներ շատ ավելի շատ:
Ինչ վերաբերում է Տիկնիզյանին, այո շփվել եմ նրա հետ, շատ լավ տպավորություն եմ ստացել, շատ ինտելեկտուալ, լավ դաստիարակված և զարգացած երիտասարդ ֆուտբոլիստ է:
– Կար Հայաստանի նախկին հավաքական եվ ներկայիս հավաքական: Ո՞րն է այս երկուսի տարբերությունը:
– Կարծում եմ, որ դուք, որպես մասնագետներ, ավելի լավ կկարողանաք ասել, թե ինչ տարբերություններ կան: Հուսով եմ՝ ինձ երկար ժամանակ կտաք աշխատելու համար, միանգամից չեք հարձակվի ինձ վրա: Չեմ ուզում ասել, որ նախկին հավաքականում վատ ֆուտբոլիստներ են եղել կամ հիմա մեր հավաքականում լավ ֆուտբոլիստներ են: Ես իմ տրամադրության տակ ունեմ երիտասարդ ֆուտբոլիստներ, հավաքականը կենդանի օրգանիզմ է՝ անընդհատ զարգացող: Ժամանակ է պետք հասկանալու համար: Նորից եմ ասում՝ դուք եք մասնագետներ և հավանաբար խաղից հետո ինքներդ արդեն կնկատեք ինչ տարբերություններ կան:
– Վստահ եմ, որ ուսումնասիրել եք Թուրքիայի հավաքականի խաղը: Ինչպիսի ՞ կարծիք ունեք և ի ՞նչ հաղթաթուղթ պիտի ունենանք, որ գերազանցենք նրանց:
– Հաղթաթղթերի մասին չեմ խոսի, բայց Թուրքիան շատ լավ դրական տպավորություն է թողել որպես հավաքական:
Հավելենք, որ Հայաստան – Թուրքիա հանդիպունը կկայանա մարտի 25-ին` 21:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Պետրակով, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Հայաստան - Թուրքիա, Հայաստանի-հավաքական