Էվրա․ «Ինտերը հաջողության է հասնում Յուվեի մարդկանց շնորհիվ»
«Յուվենտուսի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան խոսել է Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնական պայքարի մասին․
«Ինձ համար դժվար է՝ ինչպես բոլոր «Յուվեի» երկրպագուների։ Մենք այս տարի չենք հաղթելու «Սկուդետոն» «Ինտերի» պատճառով։
«Ինտերը» հաջողության է հասնում, քանի որ իր շարքերում է համլրել մի շարք մարդկանցով, ովքեր ժամանակին աշխատել են «Յուվենտուսում»։ Անտոնիո Կոնտեն մարզիչ է այլ մոլորակից, իսկ Բեպե Մարոտան «Յուվեում» հրաշքներ էր գործում՝ պայմանագրեր կնքելով հիանալի ֆուտբոլիստների հետ»,- ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։
Հիշեցնենք, որ Անտոնիո Կոնտեն 2011-2014 թթ․ մարզել է «Յուվենտուսը»՝ ակումբի ղեկին 3 անգամ նվաճելով Ա սերիայի չեմպիոնի տիտղոսը։ Բեպե Մարոտան էլ 2010-18 թթ․ եղել է թուրինյան ակումբի գործադիր տնօրենը։ 2018 թ․ դեկտեմբերից Մարոտան նույն պաշտոնը զբաղեցնում է «Ինտերում»։
Ինչ վերաբերում է Պատրիս Էվրային, ապա վերջինս 2014-17 թթ․ հանդես է եկել «Յուվենտուսի» կազմում, որի մարզաշապիկով ընդհանուր առմամբ անցկացրել է 82 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 7 փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Ինտերը», 76 միավորով, առաջնության ավարտից 6 տուր առաջ վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Միլանից» առաջ անցնելով 10 միավոր, իսկ «Յուվենտուսը» ունի 65 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Անտոնիո-Կոնտե, Բեպե Մորատա, Ինտեր, Յուվենտուս, Պատրիս Էվրա