Պատմական ու ռեկորդային տրանսֆերից տասը պակաս. Սիթին ավարտին է հասցրել Գրիլիշի տեղափոխությունը
«Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբներն 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունն ավարտին են հասցրել` ստորագրելով բոլոր փաստաթղթերն ու պայմանագրերը։
Աղբյուրի փոխանցմամբ` «քաղաքաբնակները» Գրիլիշի տրանսֆերի դիմաց Բիրմինգհեմը ներկայացնող ակումբին վճարելու են 100 մլն ֆունտ (117 մլն եվրո)` նրա հետ պայմանագիր կնքելով մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
Օգոստոսի 5-ի առավոտյան Ջեք Գրիլիշը կմեկնի Մանչեսթեր, բուժզննում կանցնի նոր ակումբի համար, կստորագրի իր պայմանագիրը, ինչից հետո կհայտարարվի ռեկորդային տրանսֆերի մասին։
Այսպիսով, Ջեք Գրիլիշը միանգամից երեք ռեկորդ է թարմացնելու։ Նա դառնալու է բրիտանացի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը` գերազանցելով Գարեթ Բեյլին, ում տրանսֆերի դիմաց 2013 թ. ամռանը «Ռեալը» «Տոտենհեմին» 85 մլն ֆունտ է վճարել։
Բացի դրանից, այս գործարքը դառնալու է Պրեմիեր լիգայի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը և կգերազանցվի Պոլ Պոգբայի ցուցանիշը. «Մանչեսթեր Յունայթեդը» 2016 թ. ամռանը նրան «Յուվենտուսից» գնել է 105 մլն եվրոյի դիմաց։
Եվ վերջում, Ջեք Գրիլիշը կդառնա «Մանչեսթեր Սիթիի» պատմության ամենաթանկարժեք ձեռքբերումը և կգերազանցի Կևին դե Բրոյնեին, ում 2015 թ. օգոստոսին «քաղաքաբնակները» «Վոլֆսբուրգից» գնել են 76 մլն եվրոյով։
Հիշեցնենք, որ Ջեք Գրիլիշն «Աստոն Վիլլայի» սան է, որի կազմում անցկացրել է 213 հանդիպում` դառնալով 32 գոլի և 42 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աստոն Վիլլա, Մանչեսթեր-Սիթի, Ջեք Գրիլիշ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո